
Փաշինյանը խաղաղության աղավնի չէ, սակայն հաշվի է առնում Բաքվի դիրքորոշումը․ Al Jazeera
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի առաջատար քրիստոնյա հոգևորականների միջև առճակատումը, կարծես, խորանում է՝ բևեռացնելով Հարավային Կովկասի՝ 3 միլիոն բնակչություն ունեցող, խորապես կրոնական այս երկիրը․ գրել է Al Jazeera–ն։
Ընդգծվել է, որ վեճը սրվել է անցյալ ամսվա վերջին․ հունիսի 27-ին Էջմիածնում հնչեցին եկեղեցու զանգերը։ Սովորաբար, բարձր և տագնապալի ձայնն ազդարարում է նշանակալի իրադարձության, օրինակ՝ օտարերկրյա ներխուժման մասին։
Այդ օրը, սակայն, զանգերն ազդարարում էին բարձրաստիճան հոգևորականի ձերբակալության մասին, ով, ըստ Փաշինյանի, «քրեաօլիգարխիկ հոգևորականության» մաս է և ներգրավված է եղել «ահաբեկչության» մեջ՝ ծրագրելով «հեղաշրջում»։
Դիտորդների խոսքով՝ հակամարտությունը չպետք է դիտարկել որպես աշխարհիկ իշխանությունների և ամբողջ եկեղեցու միջև բախում․ սա անձնական հարց է։ Ըստ ՀՀ–ի բանակիչների, որոնց հետ զրուցել է կայքի թղթակիցը, եկեղեցու վրա հարձակվելը նույնն է, ինչ յուրաքանչյուր հայի վրա հարձակվելը։ Ինչպես ընդգծվել է, եկեղեցին, որի վարդապետությունը տարբերվում է Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների վարդապետությունից, դարեր շարունակ նպաստել է հայերի ինքնության պահպանմանը։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակառակորդները նրան մեղադրում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմը կանգնելու համար, սակայն Բաքուն իր կասկածներն ունի Փաշինյանի նկատմամբ։
«Փաշինյանը, իհարկե, խաղաղության աղավնի չէ», – Al Jazeera-ի հետ զրույցում նշել է Բաքվում գտնվող «Մինվալ Պոլիտիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Փաշինյանն, այնուամենայնիվ, «սկսեց հաշվի առնել Բաքվի դիրքորոշումը»։ «Երևանում բոլոր հնարավոր տարբերակներից նա ամենաքիչ խնդրահարույց գործընկերն է, որի հետ կարելի է երկխոսություն վարել՝ անկախ նրանից, թե որքան բարդ է այն», – նշել է Մուստաֆաևը։
«Եվ չնայած Փաշինյանի ներկայիս վարկանիշը զգալիորեն ցածր է 20 տոկոսից, նրա կուսակցությունը կարող է դառնալ քաղաքական ֆենիքս և հաղթել 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունները։ Հայկական ընդդիմադիր կուսակցությունները կա՛մ կենտրոնացած են «ղարաբաղյան կլանի» երկու նախկին նախագահների շուրջ, որոնց նկատմամբ խորը անվստահություն է տիրում, կա՛մ չափազանց փոքր և մասնատված են՝ մեծ կոալիցիաներ կազմելու և միապալատ, 107 տեղանոց խորհրդարանում որոշումների կայացման վրա ազդելու համար», – գրել է Al Jazeera-ն։