
ՔԿԾ պետը բողոք է ներկայացրել Միքայել սրբազանի փաստաբանի դեմ
Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանի դեմ ՔԿԾ պետը բողոք է ներկայացրել՝ Սրբազանին նշխար տանելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է փաստաբանը։ Զոհրաբյանի խոսքով՝ պատարագի նշխար տանելու համար ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը պահանջել է փաստաբանների պալատից՝ քննարկման առարկա դարձնել փաստաբանի վարքագիծը։
«2025 թվականի հուլիսի վեցին՝ ժամը 14:00-ի սահմաններում տեսակցել եմ Սրբազանին, Սուրբ և անմահ պատարագին մասնակցելուց հետո։ Ինձ մոտ ունեի պատարագի ավարտին մասնակիցներին բաժանվող չորացած լավաշի նմանվող մաս, որը անձեռնոցիկի մեջ էի դրել, վերցրել էի։ Երբ Սրբազանին տեսակցում էի այդ օրը, սեղանին դրեցի և հյուրասիրեցի այդ մասից։ Նա շատ մեծ ուրախությամբ և կարոտով վերցրեց և ճաշակեց համարյա կեսը։ Այսօր փաստաբանների պալատից ստացել եմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գրությունն ուղղված փաստաբանների պալատին, որով վերջինս խնդրել է քննարկման առարկա դարձնել իմ վարքագիծը և փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին՝ տալ պարտադիր կատարման ենթակա ցուցում, այսուհետ քրեակատարողական հիմնարկներ այցելելիս ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու, այդ թվում կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցելիս ընթացակարգի խախտման առարկաներ փոխանցելուց զերծ մնալու վերաբերյալ»,-մանրամասնել է փաստաբանը։