19 Հուլ
2025
32.1° c ԵՐԵՎԱՆ
25.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ն միջնորդ է և ունի իր շահերը․ քաղաքագետ

Հայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ն միջնորդ է և ունի իր շահերը․ քաղաքագետ

Թեպետ Հայաստանն  ու Ադրբեջանը պնդում են, որ բանակցություններում չկա երրորդ երկիր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարությամբ հերքել է Ալիևին ու Փաշինյանին։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը հայտարարել է, որ իրենք հայ-ադրբեջանական հարաբերություններում «հրաշք» են գործել, ու «Խաղաղության պայմանագիրը» կամ շուտով կստորագրվի, կամ արդեն ստորագրված է։ ABC media-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ պարզելու, թե հայ-ադրբեջանական բանակցություններում կա՞ երրորդ երկիր, եթե ոչ, ապա ինչո՞ւ է Թրամփը նման հայտարարություն արել։

«Դե, փաստորեն դուրս է գալիս, որ միջնորդ գոյություն ունի և այդ միջնորդը ունի շատ հստակ շահ, ինքը փորձում է վերահսկել այն ճանապարհները, որոնք կարող են ունենալ լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն, այսինքն Միացյալ Նահանգների քաղաքականությունը այն է՝ որտեղ լոգիստիկ ուղիներ են լինում, ինքը կամ պետք է խանգարի կամ պետք է վերահսկի, հատկապես եթե դա կարող է օգտագործվել Չինաստանի կողմից։ Հիմա Միացյալ Նահանգները ցանկանում են վերահսկել այդ ճանապարհը և նաև ունենալ ազդեցություն ու մեծ գումարներ աշխատել»,-ասել է Ստեփան Դանիելյանը։

Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական բանակցություններում պատահական չի հայտնվել։ Նրա այս քաղաքականությունը միտված է նաև Իրանի դեմ։

«Իրանը մտահոգված է, որ իրեն ստրատեգիական շրջափակման մեջ են վերցնում և կարող են վերահսկել նաև հյուսիսային սահմանը։ Այսինքն, մենք գիտենք՝ Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում, իսկ հիմա նաև 42 կիլոմետրանոց հատվածում հայտնվում է նաև Միացյալ Նահանգները։ ԱՄՆ ցանկանում է նաև թույլ չտալ, որ հյուսիս-հարավ ճանապարհը գործի, իսկ հյուսիս-հարավը նշանակում է, որ Իրանը կարող է դուրս գալ Սև ծով և նաև դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան, նաև ինչ-որ առումով Ռուսաստանը և Իրանը կտրվում են միմյանցից։  Միացյալ Նահանգները արդեն ուղղակիորեն հայտնվում է մեր տարածաշրջանում, պետք է հասկանանք, որ այդ ճանապարհի վերահսկողությունը նշանակում է նաև Միացյալ Նահանգների ռազմական բազա»,-շեշտել է քաղաքագետը։

ԱՄՆ-ի` Սյունիքում հայտնվելու մյուս վտանգը հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի վատթարացումն է։ Ըստ քաղաքագետի՝ այս պահին անհայտ է Հայաստանում  ռուսական ռազմաբազայի ճակատագիրը։ Ի՞նչ կլինի, եթե ամերիկյան ռազմաբազան գա Հայաստան։

«Տեսեք ճանապարհը վերահսկելու դեպքում, անկախ նրանից` անունը ռազմաբազա կդնեն, կամ ոչ, այստեղ նաև Միացյալ Նահանգների ինչ-որ ռազմական ուժեր կհայտնվեն։ Մյուս կողմից գոյություն ունի նաև ռուսական ռազմաբազա, որի ճակատագիրը անհասկանալի է, այսինքն, պետք է ենթադրել, որ կամ Ռուսաստանն ու Ամերիկան պետք է միմյանց հետ համագործակցեն և կիսեն Հայաստանը՝ ազդեցության գոտիների, կամ միմյանց հետ մրցակցության մեջ գտնվեն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դառնում է նոր Ուկրաինա, նոր ռազմական կոնֆլիկտի վայր»,-եզրափակել է Ստեփանյանը։

Ռազմագերիներ