
Հայաստանի շախմատի Դեյվիդ Բեքհեմը. ինչո՞ւ և ինչպե՞ս Լևոն Արոնյանն սկսեց հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթողն է: Եզրափակչում նա 1,5:0,5 հաշվով կամային հաղթանակ տարավ ամերիկացի Հանս Նիմանի նկատմամբ։ Մինչ այս Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից Մագնուս Կառլսենին:
Բայց մինչ այդ վերհիշենք՝ ո՞վ է Լևոն Արոնյանը և ինչու՞ սկսեց հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
9 տարեկանում քրոջ օգնությամբ շախմատ խաղալ սկսած Արոնյանը կարճ ժամանակ անց մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոնն էր, իսկ 17-ում՝ արդեն գրոսմայստեր:
Նա տասնյակ հաղթանակներ է գրանցել հեղինակավոր մրցաշարերում՝ Վեյկ ան Զեե, Լինարես, Սինգֆիլդ գավաթ, Նորվեգիայի շախմատային մրցաշար և այլուր։ Մասնագետները Արոնյանի այցեքարտերն են համարում անսպասելի կոմբինացիաները ու հարուստ, կրեատիվ մոտեցումը դասական շախմատին։
2021 թվականին պետական շրջանակների հետ եղած լարված հարաբերություններից հետո, Լևոն Արոնյանը հայտարարեց ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Նա մեկնեց Սենթ Լուիս՝ միանալով ամերիկյան շախմատի թիմին։ Փաստը լուրջ հարված էր հայկական շախմատի հեղինակությանը, սակայն Արոնյանը նշեց՝ երկար պայքարել է հայրենիքում մնալու համար, սակայն չի ստացել բավարար աջակցություն։
«2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե»,-իր որոշումը պարզաբանել էր Արոնյանը:
Ավելի ուշ Արոնյանը ԿԳՄՍ-ից պատասխան էր ստացել «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
Այս հայտարարությունից հետո Արոնյանը Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին մասնակցելով պարտության մատնեց և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թվով երկրորդ խաղացողին:
Չնայած դրոշի փոփոխությանը, Արոնյանը շարունակում է ամուր կապ պահպանել Հայաստանի հետ։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո նա ակտիվորեն ներգրավված էր բարեգործական նախաձեռնություններում։ Շախմատիստը մի քանի անգամ հրապարակավ խոսել է իր հայկական ինքնության մասին: Այսօր էլ Արոնյանը շարունակում է մնալ համաշխարհային շախմատի ամենավառ դեմքերից մեկը:
Իր ձեռքբերումների համար Լևոն Արոնյանին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, ինչպես նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան: Նրա գլխավորությամբ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը հաջողությամբ հանդես է եկել շախմատի օլիմպիադայի առաջնություններում՝ նվաճելով բարձունքներ:
Վերջին մրցաշարում տարած հաղթանակից հետո Արոնյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին։ Նա կստանա 200․000 ԱՄՆ դոլար պարգևավճար։
CNN-ը եւ BBC-ն Արոնյանին անվանում են Հայաստանի շախմատի Դեյվիդ Բեքհեմ: