
Ի՞նչ պայմաններում են պահվում կալանավորված սրբազաններն ու ինչով են զբաղվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն օրվա մեծ մասն անցկացնում են գիրք կարդալով։ Բագրատ սրբազանը նույնիսկ տեղեկացրել է, որ սպորտով է զբաղվում նոր լեզուներ է սովորում․ տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Կարծում եմ՝ ողբերգություն է, որ այսօր մեր արքեպիսկոպոսները կալանավորված են․ վերջին հարյուր տարում նմանատիպ դեպք չի եղել»,-ասել Հարությունյանը, որը պարբերաբար տեսակցում է պաշտպանյալին, քանի որ օրենքի տեսանկյունից հանդիպումների օրն ու ժամը սահմանափակված չէ։
«Ինչ վերաբերվում է հարազատների հետ տեսակցությանը, Բագրատ սրբազանը, ցավոք, հարազատներ չունի, իսկ Միքայել սրբազանի պարագայում չգիտեմ՝ եղբայրը տեսակցե՞լ է, թե՞ ոչ»,-նշել է Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ սրբազանների առողջական վիճակը լավ է, հուսահատված չեն և հավատում են արդարության վերականգնմանը։
«Բագրատ սրբազանի խոսքով՝ ներսում աշխատակիցները նորմալ են վերաբերվում, դժգոհություններ չունեն։ Ամեն դեպքում անազատության մեջ գտնվելը համարվում է անազատության մեջ գտնվել։ Նույն խցում գտնվելով, բարեբախտաբար, միմյանց հետ շփվելու հնարավորություն ունեն»,- պատմել է փաստաբանը։
Հարցին, թե արդյոք պահման պայմանները համապատասխանում են ստանդարտներին, Հարությունյանը նշել է՝ կալանավայրը մնում է կալանավայր։
«Կարծում եմ՝ պետք է բարձրաձայնել, որ օդափոխության համակարգը, լոգանքի գրաֆիկն ու հարմարությունները ունեն շտկման կարիք։ Իհարկե, չեմ ցանկանում սա կապել սրբազանների կալանավորման գործին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կալանավորների համար նախատեսված պայմանները պետք է բարելավվեն»,- հավելել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ ամիս է անցել սրբազանների կալանավորումից։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել էր հունիսի 25-ին, մի քանի օր անց կալանավորվել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրանք ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են։