
Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ․ ՀՀ կառավարություն
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով․ հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից։