07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղրիում աշխատանք կա, արտագաղթ՝ ոչ․ համայնքապետ

Մեղրիում աշխատանք կա, արտագաղթ՝ ոչ․ համայնքապետ

Աշխատատեղերի առումով համայնքում այս պահին որոշակի ակտիվություն կա, արտագաղթ էլ որպես այդպիսին չկա․ ABC media-ի հետ զրույցում ասել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։  Վերջինիս խոսքով` այս պահին քաղաքում սոցիալական ծանր խնդիրներ չեն նկատվում։ Հիմնական մարտահրավերը կապված է ջրի խնդրի հետ։

«Խնդիրը վերաբերում է ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրին։ Սակայն նախատեսվում է կառուցել նոր ջրամբար, որը միաժամանակ կլուծի երկու խնդիրն էլ։ Նախագիծը պետական մակարդակով է առաջ գնում, և եթե իրականացվի, Մեղրին կստանա և´ ոռոգման, և´ խմելու կայուն ջրամատակարարում»,- նշում է համայնքապետը։

Անդրեասյանի խոսքով` բնակիչներից շատերը ներգրավված են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին։

«Վերանորոգվում է նաև Մեղրիի մաքսատունը, ինչը նույնպես ստեղծել է նոր աշխատատեղեր։ Ունենք նաև պղնձամոլիբդենային կոմբինատ, և պետական հիմնարկներում հիմնականում մեր համայնքի բնակիչներն են աշխատում»,-ընդգծել է է Անդրեասյանը։

Խոսելով գնաճի մասին` համայնքապետը փաստում է, որ մատակարարումների հեռավորությունը և տրանսպորտային ծախսերը մեծ ազդեցություն են ունենում գների վրա։

«Բոլոր ապրանքները գալիս են Երևանից։ Մեղրին մայրաքաղաքից մոտ 380 կմ հեռավորության վրա է, և ճանապարհային ծախսը հավելվում է ապրանքի գնի վրա։ Հետևաբար բնական է, որ նույն ապրանքն այստեղ ավելի թանկ է»,- ասել էր  նա։

Անդրադառնալով բնակիչների առօրյային և զբաղվածության խնդիրներին՝ համայնքապետը շեշտում է, որ հատկապես երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը դեռ սպասման փուլում է։

«Երկու տարուց ավելի է՝ դիմել եմ երիտասարդներին, որպեսզի կազմեն երիտասարդական խորհուրդ և համագործակցեն մեզ հետ։ Մինչ այժմ արձագանք չկա։ Այս տարի օգոստոսի 12-ին նշելու ենք Երիտասարդության օրը, և կրկին դիմել եմ, որ հանդիպենք, քննարկենք իրենց նախաձեռնությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել, բայց նրանց մասնակցությունը շատ պասիվ է»,- ասում է Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է արտագաղթին, համայնքապետը դա զանվածային երևույթ չի համարում։ «Ուսանողները, ովքեր ավարտում են դպրոցը, գնում են  սովորելու  Երևանում։ Լավ մասնագետները հիմնականում մնում են աշխատելու մայրաքաղաքում։ Իսկ արտագաղթ դեպի այլ երկրներ՝ ինչպիսիք են  Ռուսաստանը կամ Եվրոպան, համատարած չէ»,- եզրափակել է Մեղրիի համայնքապետը։

Ռազմագերիներ