
Կարոտում եմ հայ շախմատիստներին, նրանց համար մեծ ներդրումներ պետք է անի պետությունը․ Լևոն Արոնյանի բացառիկ հարցազրույցը ABCmedia-ին
Մրցույթներին իմ հաղթանակները աշխատանքիս գագաթնակետն է։ Բայց ինձ համար կարևոր են նաև պարտությունները․ դրանք սովորեցնում են ինձ ավելի խոր մտածել թերությունների մասին ու շտկել․ ABC media-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը, որ հուլիսի 21-ին հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում։
«Այս տարի հաջողություններ չէի ունեցել։ Շատ ուրախ եմ, որ այս մեծ մրցաշարում կարողացա հաղթել։ Ավելի մեծ մրցաշարերում հաղթելու հնարավորություն ունենալու եմ սեպտեմբերին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հոկտեմբերի վերջից նոյեմբեր ընկած հատվածում Հնդկաստանում աշխարհի գավաթն է լինելու։ Դա հնարավորություն է՝ հավակնորդների մրցաշար ընկնելու։ Ես պատրաստվում եմ ու իմ օգնականների հետ մշակում ենք՝ ոնց պետք է աշխատել, որ բարձր պատրաստվածությամբ լինեմ»,- ասել է Արոնյանը։
Գրոսմայստերի ամենակարևոր երկրպագուներից մեկը մայրն է, որ ամբողջ կյանքը որդու աճին նպաստելուն է ուղղել։ Ասում է՝ 9 տարեկանից ամեն օր սպասում, ուրախանում ու անհանգստանում է խաղերի ու հաղթանակների համար։ Արոնյանի համար երկրորդ տեղում են կինն ու դուստրը, որ ոգեշնչման աղբյուր են։
«Նրանց համար եմ ամենաշատը խաղում նրանց ջանքը «փոխհատուցելու» ու ազգիս նվիրելու համար»,-ասել է Արևոնյանը։
Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարության փորձագետների 2021 թվականի «ախտորոշումը», թե ինքն այլևս «պոտենցիալ չունի», կարելի՞ է հաղթանակը հակառակը ապացուցելու դեպք ընդունել հարցին Լևոն Արոնյանն ասաց, որ ոչ մեկին ոչինչ ապացուցելի կարիք չունի, որովհետև նեղացած չէ հայրենակիցներից։
«Ես զգում եմ միայն մեկ պարտականություն՝ իմ ազգի և երկրպագուների նկատմամբ։ Եթե ես մնայի Հայաստանում և շախմատ չխաղայի, ես չէի ուզենա նման հայրենակից լինել։ Իմ կարծիքով՝ մարդը պետք է ծառայի իր գործին և իմ՝ երկրից հեռանալը գործին ծառայել էր նշանակում։ Ես ուրախ եմ, որ շարունակում եմ իմ խաղը»,- ասել է Լևոն Արոնյանը։
Իշխանափոխությունից հետո գրոստմայստերի՝ Հայաստանից հեռանալը չի նշանակում, թե կորել են երկրից։
«Ես էլ, Հենրիխ Մխիթարյանն էլ, ակտիվ կյանք ենք վարում դրսից Հայաստանի համար։ Պետությունն է որոշում իր քայլերը, մեզ համար այդ քայլերը սխալ են, իրենց համար՝ ճիշտ, բայց վերջնական պատասխանը պատմությունը կտա։ Ինձ համար կարևորն այն է, որ ես ու Հենրիխը պայքարում ենք ազգի համար և աջակցում ենք մեր երկրին։ Դա կանես դրսից, թե ներսից, հնարավորությունների հարց է»,- ասել է հայ գրոստմայստերը։
Հայաստանում շախմատային ընտանիքի պառակտմանն անդրադառնալով՝ Արոնյանն ասել է, որ ժամանակ կգա, երբ այն վերականգնելը, վերամիավորելը հնարավոր կլինի։
«Ես մտածում էի այդ ուղղությամբ և կարծում եմ՝ եթե ուզում ես փոփոխություն անել քո բնագավառում, պետք է և կարող ես պետությունների շրջանակից դուրս էլ անել։ Հիմա ուզում եմ հիմնադրամների միջոցով օգնության եզրեր գտնել»,- նշել է շախմատիստը։
Հայաստանում գործող շախմատիստների հետ կապը պահում է Արոնյանը և ասում է՝ հաղթանակների կարևոր իմաստներից մեկն այն է, որ դրանցով ոգևորի նրանց։ Ուզում եմ հնարավորություն տալ հայ շախմատիսներին միջազգային հարթակներում հանդես գալու։ Հայաստանում շախմատը նորից ազգային մակարդակի բարձրացնելու համար պետությունը պետք է լուրջ ներդրումներ անի. կարծում է Արոնյանը։
«Շախմատի բնագավառում հնարավոր չէ պայքարել Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի պես հզոր երկրների շախմատիստների դեմ, եթե չունես ֆինանսական լուրջ աջակցությունը։ Դա շատ կարևոր է հատկապես երիտասարդ շախմատիստների համար։ Ներդրումները ճիշտ ու տեղին պետք է լինեն։ Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է որոշեն երկրի ուժեղագույն շախմատիստները։ Այս պահին, կարծես, այդպես չէ։ Հուսով եմ՝ կփոխվի»,- հույս է հայտնել Արոնյանը։
Արոնյանի համար տարբերություն չկա մրցաշարերին մասնակցելու համար նախապատրաստվել է ՀՀ դրոշի՞ տակ հանդես գալու համար, թե՞ ԱՄՆ-ի։ Մեծ պատասխանատվություն է, որի համար ջանք չի խնայում։ Չնայած մեկ բան փոխվել է․ կարոտում է հայ շախմատիստներին ու նրանց հետ աշխատելը։
«Դրոշի փոփոխությունից հետո բաներ կան, որ կորցրել եմ։ Ինձ համար միշտ հաճելի է եղել մեր տղաների հետ խաղերի գնալը, ԱՄՆ-ի թիմի հետ խաղալը ևս հաճելի է, ուղղակի Նահանգների թիմն այնքան հզոր է, որ իմ ներկայությունը մեծ հաշվով այդքան բան չի փոխում, բայց Հայաստանի համար փոխում էր իմ ներկայությունը»,- ընդգծել է Արոնյանը։
Լևոն Արոնյանի խոսքով՝ որպես շախմատիստ Հայաստան չի վերադառնալու, բայց ավելի բարձր հարթակներում փորձելու է աշխարհին ծանոթացնել հայ ազգին։