28 Հուլ
2025
38.3° c ԵՐԵՎԱՆ
31.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար

Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ․ ահազանգում է Արցախի Մշակույթի նախարարությունը։

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով արդեն վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։

Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝

իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը,

ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։

Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների»,–ասված է հրապարակման մեջ։

 

Ռազմագերիներ