26 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Mobile centre-ը՝ ամենախոշոր հարկատու․ հրապարակվել են 2025 թվականի առաջին կեսի տվյալները

Mobile centre-ը՝ ամենախոշոր հարկատու․ հրապարակվել են 2025 թվականի առաջին կեսի տվյալները

Հրապարակվել  Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը։ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքով՝ առաջին տեղում «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն է։

Հեռախոսների, համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով և վերաարտահանմամբ զբաղվող «Մոբայլ սենթր արթ»-ը այս տարի պետական բյուջե 32,9 մլրդ դրամ հարկ է վճարել՝ առաջ անցնելով «Գրանդ տոբակոյից», «Գազպրոմ Արմենիա»-ից, ԶՊՄԿ-ից։

Երկրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 30.5 մլրդ դրամի հարկ։

Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 28 մլրդ դրամի հարկերով։

Չորրորդ տեղում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։ Բանկն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 28 մլրդ դրամ հարկ։ Բանկի վճարումները շեշտակի աճել են։ Համեմատության համար նշենք, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի հարկային վճարումները կազմել էին 5,9 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների հնգյակը մեկ այլ բանկ է եզրափակում՝ «Ամերիաբանկը», որը 21.4 մլրդ դրամի հարկ է վճարել։ Նախորդ տարվա նույն կիսամյակում վճարել էր 17.5 մլրդ դրամ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն վերադարձել է խոշոր հարկատուների ցանկ, որից դուրս էր մնացել այս տարվա առաջին եռամսյակում։ ԶՊՄԿ-ն այս տարվա առաջին կեսի համար վճարել է 20.4 մլրդ դրամի հարկ, որը 2024-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 68.2%-ով։

Այս անգամ խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն՝ վճարելով 12,1 մլրդ դրամ, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն՝ 11,5 մլրդ դրամ (նշված ընկերությունը և «Գրանդ տոբակո»-ն գտնվում են «Գրանդ հոլդինգի» կազմում), տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)՝ 11,3 մլրդ դրամ, «Դիջիթեյն» ՍՊԸ-ն՝ 11 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2025 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել շուրջ 986 մլրդ դրամ, որը 2024-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 85.7 մլրդ դրամով կամ 9.5%-ով։

Ռազմագերիներ