28 Հուլ
2025
31.3° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը տալը հավասար է Երևանը տալուն, ազգը հաշտ չէ այս իրողությանը․ Դսեղի բնակիչ

Արցախը տալը հավասար է Երևանը տալուն, ազգը հաշտ չէ այս իրողությանը․ Դսեղի բնակիչ

Մուգ շագանակագույն մեծ դարպասն ամբողջությամբ բաց էր, բակում կտրտած փայտն էին տեղափոխում։ Աշխույժ աշխատում էր նաև տանտերը՝ Գագիկ Վանյանը։ Նրա ձախ ոտքին փոխարինելու եկած պրոտեզը փորձում է խանգարել կամ հնարավորություն տալ նման խուսափելու նման ծանր աշխատանքից, բայց նա պայքարող տեսակ է։ Ձախ ոտք վերջին անգամ 23 տարեկանում է ունեցել։ Արցախյան պատերազմի ժամանակ է հրաժեշտ տվել։

«23 տարեկանում 90 կգ եմ եղել, հիմա 60 հազիվ կլինեմ, հասկանու՞մ ես։ Ճակատագիր ա»,- ասում է Վանյանը։

Արցախյան առաջին պատերազմից առաջ հասցրել էր ճարտարապետի որակավորում ստանալ՝ ավարտելով Երևանի պետական համալսարանը։ Պատերազմից հետո հարմարվել է առաջին կարգի հաշմանդամությանը, հետո շարունակել մասնագիտությամբ զբաղվել։ Հիմա նկարչությամբ ու փորագրությամբ է զբաղվում։ Տան առաջին հարկում արհեստանոցն է, երկրորդ հարկում՝ արվեստանոցը։

«Արվեստանոցումս միլիոնների աշխատանք է, ամեն մեկը անհատական ստեղծագործություն է։ Ինձ իմ պապերն են ոգեշնչում, ինձ իմ պատմությունն ու մեր սարերն են ոգեշնչում»,- ասում ու մուրճի վարժ հարվածներով սովորական փայտին պատկերներ ձուլում։

Վանյանը երկու աղջիկ, մեկ տղա ունի, բայց Լոռի մարզի Դսեղ գյուղում՝ պապական տանը, կնոջ հետ է ապրում։ Կինը նրան համեղ կերակուրներով է ապահովում, առօրյա զրուցակիցը դառնում։ Օրվա ընթացքում, բացի ստեղծագործելուց, փորագրելուց մեկ ուրիշ կարևոր գործ էլ ունի։ Արհեստանոցից դուրս է գալիս և ուղիղ բակ՝ մեղվափեթակների մոտ։ Կանաչ այգու մեծ մասը փեթակներ են դրված, որոնք իր ձեռքով է պատրաստել ու ներկել մեղուների «ճաշակով»։ Փեթակներից մեկի վրա, որ ամենաբարձրն էր դրված, Դսեղ է գրել։

«Բերք չկա այս տարի․ կարկուտ, սելավներ քշեցին, տարան։ Հիմա բերքը սարում է։ Դե սարը տանել չեմ կարող։ ՊԵտությանն առաջարկում եմ մեզ անտոկոս վարկեր տա և վաճառելու համար շուկա հատկացնի։ Լավ օրինակ է Գերմանիան․ նրանք ֆինանսավորում են հասարակ գյուղացուն ու ասում են՝ պետական դեպարտամենտին մեղր տուր՝ մասնավոր գներով։ Ինչու՞ մեզ համար էլ չեն անում նման ծրագրեր։ Անտեսում են գյուղացուն»,- վրդովված ասում է Վանյանը։

Նրա խոսքով՝ Դսեղում մարդիկ բավական դժվարությամբ են աշխատանք գտնում, բնությունն ու հողն է դսեղցիներին պահում, այլապես մեծ մասը կգաղթեր գյուղից։ Նրան անհանգստացնող այլ, ինչպես ինքն է ասում, ավելի լուրջ հարցեր էլ կան․ «Մեր երկիրը գնալով թուլանում է։ Ես վստահ եմ, որ ազգը չի մարսել Արցախի կորուստը։ Ո՞նց կարելի ա Ղարաբաղը տալ ինչ-որ միջանցքի համար, Ղարաբաղը տալը հավասար է Երևանը տալուն։ Դե առաջարկում եմ Լոռին էլ վրացիքին տանք, որ հետները բարեկամաբար ապրենք, իսկ Շիրակը՝ թուրքերին, ի՞նչ կասեք։ Ա՜, ոնց կարող էիք նման բան անել։ Մեզ համար մի մետր հողը տալը հավասար էր պարտության, հիմա մի ամբողջ պետություն են հաձնում ու շարունակում ղեկավարելը։ Զարմանալի ա»։

Արցախի կորստից հետո ճարտարապետի համար ազգային արժեքների կորուստն է ցավալի, ասում է՝ մեր ազգը Եվրոպայից վերցնում է ամենավատը, ամենահեշտն ու աղբը։ Փոխարենը կարող են ընդօրինակել մշակութային ու բարձրակարգ սովորույթները։

«Մեր երիտասարդները սխալ են հասկացել ու շարունակում են նույնը․ մենակ ճղած շորեր հագնելով չէ է, քոնը պահելով է։ Դուք տեսած կա՞ք՝ այլ պետություններ նման կերպ վարվեն։ Մենք ենք սխալ հասկանում։ Էդ կեղծ եվրոպացումը մեզ լավ տեղ չի տանելու»,- ասում է մեր հերոսը։

Այդ եվրոպացման խոսակցության ֆոնին հիշում է, որ արհեստանոցի լույսը երկար ժամանակ է՝ չի միացնում․ ինքը մենակ չի հասցնում։ Երբ կոտրած աթոռ կամ այլ իրեր են լինում, հիշում ու միացնում է, բայց դե աթոռն էլ հո ամեն օր չի կոտրվում։ Ուզում է արհեստանոցը վարձակալությամբ տալ, բայց ցանկացող չկա։ Անգամ չեն ուզում գալ ու անվճար սովորել՝ դառնացած ասում է առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ճարտարապետը։ Բայց դա չի կոտրում իրեն․ նախատեսում է առաջիկայում ցուցահանդես կազմակերպել, ունեցած փորագրությունները, կտավները ցուցադրել, վաճառել ու դրանով նոր շուկա գտնելու հնարավորությունները փորձել։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ