
Մեր հասարակությունը երջանիկ չէ, ռեստորանների լեփ-լեցուն լինելը ինքնապաշտպանվելու ձև է․ հոգեբան
Մեր հասարակությունը չի կարող ավելի երջանիկ լինել, որովհետև 2020 թվականի պատերազմից, զուգահեռ քովիդից հետո մենք ունեցանք հոգեբանական առումով շատ ուժեղ անկում. ABC media-ի հետ զրույցում ասել է մեդիահոգեբան Իրինա Ծատուրյանը։
Ըստ մասնագետի՝ ազգային հոգեբանության մեջ արդեն վաղուց կար բոլոր այն ուժեղ կատակլիզմները, որոնց միջով անցել է հայ հասարակությունը։
«Մենք, իսկապես, կարող ենք ասել, որ մեր գենետիկ հիշողությունների մեջ ջարդերի, հալածանքների, պատերազմների հիշողությունն առկա է։ Դրանք մտել են ազգի հոգեբանության մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականին․ քովիդ ու պատերազմ։ Այդ մեծ երկու արհավիրքը մարդու ապագայի, առողջության, կյանքի և մահվան խնդիրներ դրեցին, այսինքն` այն նստվածքը, որը մեր ազգն ուներ գենոցիդի և տեղահանությունների պատճառով, էլի եկան մեջտեղ, և մենք նորից սկսեցինք վերապրել այդ արհավիրքները։ Եթե մենք երջանիկ ենք, արտագաղթն ինչո՞ւ է շատանում, մարդը լավ տեղից չի գնում, չէ՞»,-ասել է հոգեբանը։
Նրա խոսքով՝ այսօր չունենք վաղվա օրվա ապահովության զգացումը, մենք հանգիստ չենք վաղվա համար, իսկ դա նշանակում է, որ մենք այսօր մեզ այդքան լավ չենք զգում։ «2023 թվականին Արցախի տեղահանությունը ևս դարձավ շատ ուժեղ սթրեսային վիճակի պատճառ, որովհետև մի ամբողջ երկիր, որը միշտ եղել էր հայկական՝ հայաթափվեց»,-նշել է մասնագետը։
Բոլոր կորուստների ֆոնին՝ մարդկանց վարքը չի զարմացնում մասնագետին, ասում է՝ դա ինքնապաշտպանվելու միջոց է:
«Մյուս կողմից` հիմա ամառ է, շոգ է, ռեստորանները լեփ-լեցուն են, մարդիկ գնում են Դուբայ, Եգիպտոս և այլն, և այլն։ Դա իմ պատկերացմամբ՝ այդ արհավիրքից փախուստներն է, երբ մարդը ինքն իրեն ուրախություն է տալիս, ռեստորան է գնում, հանգստանալու է գնում, իրեն լավ է զգում հյուրանոցներում, ծովի ափին, կամ էլ խորոված ուտելով, երգ ու պարով։ Մենք, ի տարբերություն մեր պապերի, որոնք դարդ էին անում, ռազմահայերնասիրական երգերով էին դա արտահայտում, մենք հիմա մեզ, մեր տոնուսը, մեր տրամադրությունը ուղղակի բարձրացնում ենք՝ դրանով իսկ ցույց տալով, որ իբր թե մենք շատ լավ ենք, բայց մենք դրանով ուղղակի փախչում ենք շատ ծանր մտածելուց և ապրելուց»,-ասել է նա։