
15 երկրի արտաքին գործերի նախարարներ կոչ են անում ճանաչել Պաղեստինը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ կոնֆերանսից հետո Արևմտյան 15 երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը։
«Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ դրական վերաբերմունքը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը որպես երկու պետությունների լուծման ուղղությամբ կարևոր քայլ, և կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն արել դա, միանալ այս կոչին», – նշվել է հայտարարության մեջ։
Նախարարները շեշտել են «Գազայի հատվածն Արևմտյան ափի հետ Պաղեստինի ինքնավարության ներքո միավորելու կարևորությունը», ինչպես նաև կոչ են արել «այն երկրներին, որոնք դեռ չեն արել դա, հաստատել նորմալ հարաբերություններ Իսրայելի հետ և արտահայտել իրենց պատրաստակամությունը՝ բանակցություններ սկսելու Իսրայելի պետության տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակը հայտարարել է, որ Լոնդոնը սեպտեմբերին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայից առաջ կճանաչի Պաղեստինի պետականությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայի հատվածում հրադադարի և քայլեր չձեռնարկի կիսաէքսկլավում «սարսափելի» իրավիճակին վերջ տալու համար։ Պաղեստինի պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից, ԱՄՆ–ն դրանց թվում չէ։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ–ում լիիրավ անդամակցությանը։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչվել է տասը պետության կողմից, այդ թվում՝ Իռլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Հայաստանի։