
Գազան փորձարկու՞մ է Դոնալդ Թրամփի՝ Նեթանյահուին աջակցելու սահմանները. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ենթադրել է, որ Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ստում է. գրել է Financial Times-ը:
Թրամփը Շոտլանդիայում լրագրողներին հայտարարել է, որ Գազայում «իսկական սով» է տիրում այն բանից հետո, երբ Նեթանյահուն նման հաղորդագրություններն անվանել էր «անամոթ սուտ»։ Թրամփը նշել է, որ հեռուստացույցով տեսել է քաղցած պաղեստինցիների պատկերները, և, որ մարդը պետք է «բավականին սառնասիրտ» կամ «խելագար» լինի, որպեսզի դրանք սարսափելի չհամարի։ Ինչպես նկատել է Financial Times-ը, սա հազվագյուտ նկատողություն էր ԱՄՆ նախագահի կողմից, որը քիչ սահմանափակումներ է դրել Վաշինգտոնի ամենամեծ օտարերկրյա օգնության շահառուի վարքագծի վրա, և որին Նեթանյահուն գովաբանել է որպես «Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ ընկեր»։
Վերլուծաբանների ու վարչակազմին մոտ կանգնած անձանց խոսքով՝ Թրամփի մեկնաբանություններն, Իսրայելի նկատմամբ միջազգային դատապարտման աճող ալիքի ֆոնին, ակնարկում են այդ հարաբերություններում որոշ չարտահայտված սահմանափակումների գոյության մասին: Ըստ նրանց՝ եթե Նեթանյահուն հոկտեմբերի 7-ից հետո ստեղծված իրավիճակը համարում է նվաճման համար հասուն, Թրամփն այն տեսնում է որպես նոր ներդրումների, ԱՄՆ ռազմական ներկայության փոքրացման և կարևորագույն խաղաղության համաձայնագրերի ուղի: Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ Նեթանյահուի գործողությունները, կարծես, գլխիվայր հակասում են Թրամփի հավակնություններին, դժվար է կանխատեսել, թե ինչը կարող է զսպել Իսրայելի առաջնորդին։
Ամերիկացի քաղաքական գործիչները վաղուց Վաշինգտոնի հարաբերությունները Իսրայելի հետ, որը տարեկան միլիարդավոր դոլարներ է ստանում ԱՄՆ ռազմական օգնությունից, համարում են արտաքին քաղաքականության երրորդ ռելս։ Սակայն հաջորդական վարչակազմերը նաև գործել են կուլիսներում՝ որպես Իսրայելի ամենաէքստրեմալ հավակնությունների արգելակ։ Ամոս Հոխշտեյնը, ով նախկին նախագահ Ջո Բայդենի ավագ խորհրդականն էր, FT-ի հետ զրույցում նշել է, որ, նայելով Նեթանյահուի տարածաշրջանում իրականացվող քարոզարշավների ամբողջությանը, «թվում է, թե Իսրայելը վերահսկողությունից դուրս է և կարիք ունի ամերիկյան միջամտության ու կանգնեցման կոճակի»։ Նա հավելել է, որ Թրամփի դիտողությունները Գազայում սովի մասին կարող են այդ կոճակը սեղմելու փորձ լինել։