
Թրամփը գտնվում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը The Wall Street Journal-ի համար հոդվածում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ներուժին: Ըստ սենատորի՝ նախագահ Թրամփը գտնվում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին:
«Սա կլինի ուշագրավ նվաճում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կխթանի տարածաշրջանային և միջազգային խաղաղությունը, ինչպես նաև՝ տնտեսական շահույթները, որոնք տարածվում են ներգրավված երկրների սահմաններից շատ ավելի հեռու», – գրել է Դեյնսը:
Նա հավելել է, որ այս տարի այցելել է երկու երկրներ Թրամփի թիմի անդամների հետ: «Մենք ուսումնասիրեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը և նպաստեցինք խաղաղության բանակցությունների որոշ ավելի դժվար հարցերի շուրջ քննարկումներին», – նշել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են գործնական լուծումներ: Դեյնսի կարծիքով՝ երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապությունը:
«Միջին միջանցքի աշխարհագրությունը նրան տալիս է եզակի ռազմավարական և տնտեսական նշանակություն: Գտնվելով ԱՄՆ այնպիսի հակառակորդների միջև, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանն, այն միակ հողակտորն է, որտեղ Արևմուտքի հետ առևտուրը կարող է անարգել հոսել Կենտրոնական Ասիայից: Կենտրոնական Ասիան կազմող հինգ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը, համատեղ տիրապետում են նավթի, բնական գազի, ածուխի, ուրան և այլ կարևոր ռեսուրսների զգալի պաշարների», – գրել է հեղինակը:
Նրա կարծիքով՝ Թրամփի վարչակազմի վճռականությունը նպաստել է այս երկու ազգերի համար պատմական հնարավորություն ստեղծելուն: Այս սպասվող համաձայնագիրը կփոխի աշխարհաքաղաքականության ընթացքը այնպես, որ օգուտ բերի ոչ միայն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային, այլև ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին առաջիկա տասնամյակների ընթացքում:
Սենատորն ընդգծել է, որ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության համար Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է անհապաղ ավարտին հասցնեն այն: