
Պետականացում` միլիարդ դոլար ներդրումից հետո․ ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին և Սամվել Կարապետյանին
2015 թվականին «Տաշիր գրուպը»՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից ձեռք բերեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ)։ Գործարքը կազմեց շուրջ 260 միլիոն դոլար, սակայն դրան հաջորդած տարիներին ներդրումները ծավալվեցին՝ հասնելով շուրջ 1 միլիարդ դոլարի։
Ըստ հրապարակված պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների՝ 680 միլիոն դոլար ուղղվել է համակարգի տեխնիկական արդիականացմանը, ևս 150-200 միլիոն՝ նոր ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։
Սակայն 2025 թվականի հուլիսին Սամվել Կարապետյանը կալանավորվում է, իսկ ՀԷՑ-ի կառավարումը փորձում են հանձնել պետությանը։ Ընթացիկ գործընթացները միտված են պետականացմանը, ինչը բարձրացրել է հարցեր՝ թե որքանով են իրավաչափ նման որոշումները։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը, մեկնաբանելով ՀԷՑ-ի հնարավոր պետականացումը, հայտարարել է՝ եթե դա տեղի ունենա, ապա Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։
«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նա։
Հայաստանի արբիտրների ասոցիացիայի խորհրդի անդամ, իրավաբան Արամ Օրբելյանն ասում է, որ տեղի է ունենում Սահմանադրության խախտում: Օրբելյանը ABC media-ի հետ զրույցում մանրամասն վերլուծել է պետականացման իրավական հիմքերը՝ շեշտելով, որ ՀԷՑ-ի դեպքում գործընթացը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից։
«Սահմանադրության 60-րդ հոդվածը երաշխավորում է սեփականության իրավունքը, իսկ այս հատվածը խախտված է, որովհետև տիրապետելու և տնօրինելու իրավունքը սահմանափակված է»,- ասել է Օրբելյանը։
Նա նշել է, որ այս պահին տեղի է ունենում սեփականության իրավունքի փաստացի սահմանափակում՝ առանց բավարար իրավական հիմքերի։
«Հանրային շահը չի կարող օգտագործվել որպես պատրվակ՝ ցանկացած պահի մասնավոր սեփականությունը վերցնելու։ Դա չի բխում օրենքից»,-շեշտել է Օրբելյանը:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի դեպքում անգամ չի դիտարկվել մրցակցային և թափանցիկ ընթացակարգով կառավարման մարմնի ընտրություն․
«Կարգավորող հանձնաժողովը նշանակել է կառավարիչ՝ առանց բացատրելու, թե ինչու հենց նա։ Միակ պատճառաբանությունը՝ նա համաձայնել է։ Սա արդյոք թափանցիկ գործընթաց է»,-ընդգծել է Օրբելյանը:
Փաստաբանը նաև հիշեցրել է՝ Հայաստանը ստորագրել է ներդրումների պաշտպանության պայմանագրեր (օրինակ՝ Կիպրոսի հետ), որոնք նախատեսում են սեփականության բռնագանձման կամ ազգայնացման դեպքում պարտադիր փոխհատուցում։
«Այս դեպքը կարող է գնահատվել որպես էքսպրոպրիացիա՝ միջազգային պայմանագրերի տեսանկյունից։ Եթե դա այդպես ճանաչվի, հատուցումը լինելու է՝ և՛ շուկայական, և՛ լրացուցիչ տոկոսներով»,- եզրափակել է Օրբելյանը: