01 Օգս
2025
34.4° c ԵՐԵՎԱՆ
24.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչ Իրանը դանդաղում է, Ադրբեջանն ու Իսրայելն առաջ են շարժվում. Middle East Eye

Մինչ Իրանը դանդաղում է, Ադրբեջանն ու Իսրայելն առաջ են շարժվում. Middle East Eye

Կովկասում հստակ ռազմավարություն չունենալով՝ Իրանն այժմ հետևում է, թե ինչպես է Թել Ավիվը մոտենում իր սահմաններին: Այս մասին Middle East Eye պարբերականի հետ զրույցում անանունության պայմանով նշել է միջազգային հարբերությունների թեհրանաբնակ փորձագետը: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին պատերազմ սկսվի, Իրանը վախենում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ընկնել Ադրբեջանի ձեռքը: Փորձագետը զգուշացրել է, որ Ադրբեջանը ոչ միայն դաշնակցում է Իսրայելի հետ, այլև պատճենում է նրա ռազմավարությունը։

«Վերջին տարիներին Ադրբեջանը նախապատվություն է տվել կարճ, բայց ինտենսիվ պատերազմներին։ Այս մոտեցումը օգնել է նրան հասնել իր նպատակներին։ Ահա թե ինչու է Հայաստանի հետ ևս մեկ պատերազմ հավանական թվում։ Երկարաժամկետ հեռանկարում Իրանը պետք է պատրաստ լինի իր հյուսիս-արևմուտքից հնարավոր ռազմական ճնշմանը։ Նույնիսկ հիմա մենք լսում ենք Ադրբեջանից ավելի բարձր ձայներ, որոնք կոչ են անում Իրանի տարածքի որոշ մասեր տրամադրել», – նշել է նա:

Իրանցի նախկին դիվանագետը պարբերականի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանն ամուր ռազմական կապեր է հաստատել Իսրայելի հետ և խթանել է իր տնտեսությունը՝ նավթի և գազի արտահանման միջոցով: Սակայն, դիվանագետի խոսքով, Իրանի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել: Իրանն իր դիրքորոշումն անվանել է «ակտիվ չեզոքություն» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում. քաղաքականություն, որը, նախկին դիվանագետի պնդմամբ, այժմ հակառակ ազդեցությունն է ունեցել։

«Իրանը վճարում է այս, այսպես կոչված, չեզոքության գինը։ Սկզբում դա կարող էր իմաստալից լինել, բայց երբ Ադրբեջանը մերձեցավ Իսրայելին, ի վերջո դա վնասեց Իրանին։ Իրականում դա չեզոքություն չէր, այլ պասիվություն», -նշել է դիվանագետ։

Նա հավելել է, որ այս պահին Իրանը չունի այլընտրանք, քան դիվանագիտական գործընթացներ սկսելը Ադրբեջանի հետ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարող է միայն վատթարացնել իրավիճակը և Իսրայելին տալ ևս մեկ ճնշման կետ Թեհրանի դեմ օգտագործելու համար։

«Անկախ նրանից՝ Իսրայելը հարձակումներ է սկսել Ադրբեջանի տարածքի՞ց, թե՞ ոչ, իրական խնդիրն այն է, որ Իրանը գիտի, որ խոցելի է իր հյուսիսարևմտյան սահմանին: Հարցն այժմ այն է, թե արդյոք բարձրաստիճան որոշում կայացնողները կգործե՞ն, թե՞ կշարունակեն նույն ձախողված «ակտիվ չեզոքության» ուղով», – նշել է դիվանագետը:

Ռազմագերիներ