01 Օգս
2025
34.4° c ԵՐԵՎԱՆ
24.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասը կարող է դառնալ ի հայտ եկող համաշխարհային հակամարտության մարտադաշտ. WSWS

Հարավային Կովկասը կարող է դառնալ ի հայտ եկող համաշխարհային հակամարտության մարտադաշտ. WSWS

World Socialist Web Site-ը լայանածավալ հոդված է ներկայացրել՝ ամփոփելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին հայտարարությունները և կանխատեսումները: Ինչպես նշվել է, հուլիսի 11-ին Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ առաջարկել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գտնվող Հայաստանի տարածքով անցնող նախատեսված «Զանգեզուրի միջանցքի» շահագործումը 100 տարով վարձակալության տրվի ԱՄՆ-ին:

Middle East Eye-ի տվյալներով՝ միջանցքի շահագործումը «մասնավոր ընկերությանը» շնորհելու առաջարկը եղել է Թուրքիայի կողմից: Ճեպազրույցի ժամանակ Բարաքը նշել է. «Նրանք (Հայաստանն ու Ադրբեջանը) վիճում են 32 կիլոմետր ճանապարհի (իրականում՝ 43 կիլոմետր) շուրջ, բայց սա կատակ չէ»: Այսպիսով, Ամերիկան գալիս է և ասում. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը 100 տարվա վարձակալության պայմանագրով, և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։ «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է տեղակայվի Հայաստանի Սյունիքի մարզում, գտնվում է երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ Միջանցքը կկապի Ադրբեջանը նրա ցամաքային էքսկլավ Նախիջևանի հետ, և, հետևաբար, Թուրքիայի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակից Ադրբեջանը պահանջում են, որ միջանցքի վերահսկողությունը չմնա Հայաստանին և ապահովվի ազատ անցում։ Միջանցքը Թուրքիայի իշխող վերնախավի՝ մինչև Չինաստան ձգվող «Միջին միջանցքի» ծրագրերի կարևորագույն բաղադրիչն է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանն ԱՄՆ-ի աճող ազդեցությունն ու պոտենցիալ ռազմական ներկայությունը տարածաշրջանում համարում են լուրջ սպառնալիք։ Այս նախաձեռնությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը կրճատում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկրում։ Իրանը, որը մտահոգված է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, և որի հյուսիսում բնակվում է մոտ 20 միլիոն ադրբեջանցի, կտրուկ արձագանքել է ԱՄՆ-ի կողմից «մասնավոր ընկերության» անվան տակ տարածաշրջան մուտք գործելու ծրագրին։ Ըստ The Cradle Turkiye-ի ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Այս նախագծերի հիմնական նպատակն է թուլացնել Դիմադրության առանցքը, խզել Իրանի կապերը Կովկասի հետ և շրջափակել Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանի հարավից՝ նրանց ցամաքային սահմաններով»:

«Թեհրան Թայմս»-ը երկուշաբթի օրը գրել է. «Կարծես թե ռազմական բախումը անխուսափելի կլինի, եթե Ադրբեջանը, Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակեն իրականացնել այս ծրագրերը: Իր հայտարարության մեջ Վելայաթին նշել է, որ Թեհրանը ուժեր է վերաբաշխել սահմանին և մտադիր է վարել «ակտիվ կանխարգելման» քաղաքականություն, այլ ոչ թե՝ ռեակտիվ միջոցառումներ»: Նշվել է, որ Կովկասի և ամբողջ աշխարհի աշխատավորները պետք է զգոն լինեն. «Տնտեսական միջանցքի» քողի տակ պատրաստվում են արյունալի պատերազմների, որոնք ավերածություններ կպատճառեն տարածաշրջանի ժողովուրդներին, քանի որ ԱՄՆ իմպերիալիզմը առաջ է մղում իր գիշատչական ծրագրերը: Թուրքիայի և Ադրբեջանի ռեժիմները աջակցում են այդ ծրագրերին: Անցյալ շաբաթ Իսպանիայում հրատարակվող Periodista Digital-ը պնդում էր, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքի «անանուն» աղբյուրներից ձեռք է բերել ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հաստատված գաղտնի համաձայնագիր։ Դրա համաձայն՝ նախատեսված միջանցքը կոչվում է «Թրամփի կամուրջ», և կայքի խմբագիրները պնդում են, որ այս համաձայնագիրը ստիպել է Հայաստանին հեռանալ Ֆրանսիայի և Եվրամիության մնացած մասի ազդեցությունից և հայտնվել ԱՄՆ-ի և Թուրքիայի վերահսկողության տակ։ Հաղորդագրության համաձայն՝ միջանցքը 100 տարի կշահագործվի ամերիկյան «մասնավոր ընկերության» կողմից։

Ավելին, «անվտանգությունն ապահովելու» պատրվակով ՝ տարածաշրջան կտեղակայվեն 1000 ամերիկացի վարձկաններ։ Այնտեղ նաև նշվել է. «Այս մասնավոր ռազմական ընկերությունը, որը ներկայումս, ըստ գնահատականների, բաղկացած է 1000 մարտիկից, պատասխանատու կլինի տրանսպորտային միջանցքի անվտանգության համար»։

Սկզբում սահմանը կհսկեն անզեն զինվորները։ Սակայն սա կնշանակի, որ Իրանի և այս իսլամական հանրապետության ոխերիմ թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Այս իրավիճակը իր մեջ կրում է Միջերկրական ծովից մինչև Հարավային Կովկաս ձգվող տարածաշրջանում խոշոր պատերազմի բռնկման վտանգ:

Բարաքի հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի՝ հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո: Հուլիսի 19-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կախարդանք է գործել» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում, և «եթե դեռ չի ավարտվել, ապա այն բավականին մոտ է»։ Մինչդեռ, հունիսի 25-ին, Փաշինյանի կառավարության կողմից հայ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ևս 14 հոգու բանտարկությունը՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով, ընդգծել է Մոսկվայի և Երևանի միջև աճող լարվածությունը։ Ձերբակալություններից հետո Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել հայկական եկեղեցու վրա հարձակումների վերաբերյալ: Հոդվածում հիշեցվել է, որ որոշ ժամանակ եկեղեցին կարևոր դեր էր խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի գյուղերը Ադրբեջանին պաշտոնապես հանձնելու ծրագրերի դեմ բողոքի ցույցերի կազմակերպման գործում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանը խոցել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, ինչը սրել է երկու երկրների միջև հարաբերությունները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներողությունը միջադեպի համար չի հանգեցրել հարաբերությունների ջերմացման: Բաքուն այս տարվա փետրվարին փակել է Ռուսական տունը երկրում՝ լրտեսության մեղադրանքով և չեղյալ հայտարարել ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հավատարմագրումը: Հունիսի 27-ին Ռուսաստանում ոստիկանական գործողության ժամանակ երկու Ադրբեջանի քաղաքացիների մահը ստիպլ էց Ադրբեջանին արագացնել իր հակառուսական միջոցառումները։ Երկրում չեղարկվել են բոլոր ռուսական մշակութային միջոցառումները, իսկ «Սպուտնիկի» երկու աշխատակից ձերբակալվել է։ Ալիևի ռեժիմը փորձում է ամրապնդել իր իշխանությունը՝ օգտագործելով արտաքին աջակցությունը, որը ստացել է ՆԱՏՕ-ի անդամ իմպերիալիստական տերություններին մատուցվող աշխարհառազմավարական ծառայությունների դիմաց։ Ռուսաստանից հարավ, Իրանից հյուսիս և Կասպից ծովից արևմուտք գտնվող Ադրբեջանը համարվում է կարևորագույն երկիր Վաշինգտոնի՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում գերիշխելու և Մոսկվայի ու Թեհրանի դեմ պատերազմ սկսելու ծրագրերում։ Ադրբեջանական բնական գազը դառնում է կարևոր այլընտրանք Եվրոպայի՝ ռուսական բնական գազից կախվածությանը։ Ռուսաստանի և Իրանի դեմ իմպերիալիստական ագրեսիայի ֆոնին՝ Հարավային Կովկասում մշակվող ծրագրերը ցույց են տալիս, թե ինչպես այս տարածաշրջանը կարող է նաև դառնալ ի հայտ եկող համաշխարհային հակամարտության մարտադաշտ:

Ռազմագերիներ