
Ինչպե՞ս են հարազատները կապ հաստատում գերիների հետ. ABC media-ն զրուցել է նրանցից մեկի հետ
Բաքուն արգելել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության այցելություններն ապօրինաբար պահվող հայ գերիներին. այս կառույցը հայ գերիներին վերջին անգամ տեսակցել է երկու ամիս առաջ։
ABC media-ի հետ զրույցում Բաքվում գտնվող գերիների հարազատներից մեկը հայտնել է, որ վերջին տեսակցության ժամանակ ԿԽՄԿ-ն արդեն հայտնել էր, որ այլևս չեն կարողանալու այցելել գերիներին։ «Միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ասել էր, որ Ադրբեջանն այլևս թույլ չի տալու այցելել:
Վերջին տեսակցությունից հետո Վրաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչները փորձել են այցելել գերիներին, բայց Բաքուն թույլ չի տվել։ Այս պահին կապ հաստատելու մեկ հնարավորություն ունենք՝ շաբաթը մեկ անգամ հեռախոսով խոսել»,-ասել է Բաքվում գտնվող գերիների հարազատներից մեկը։
Ի դեպ, մեր զրուցակիցը չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, որովհետև մտավախություն ունի, որ Բաքուն կզրկի անգամ իր հարազատի հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։