
Նախաստորագրված փաստաթղթի պայմաններում անգամ հնարավոր է Արցախի հարցը օրակարգում պահել․ Արտակ Բեգլարյան
Արցախի հարցը գործող իշխանությունը փակել է 2021 թվականին, նախաստորագրված հռչակագրով վերահաստատում է այդ փաստը․ ABC media-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի Հանրապետության համար մեծ վտանգ պարունակող փաստաթուղթ է դրված սեղանին։ Ոչ միայն խոսք չկա Արցախ հավաքական վերադարձի, գերիների վերադարձի մասին, այլև խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից։ Այս հռչակագիրը նորանոր խնդիրներ է ստեղծում Արցախի հարցի կարգավորման գործընթացում»,- ասել է Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ բացի նշվածներից մեծ խնդիր է նաև միջազգային դատարաններից հայցերի, գանգատների հետքաշումը։ Այդ գանգատների մեծ մասը արցախյան պատերազմներում անհետ կորած, գերեվարված անձանց են վերաբերում, ինչպես նաև պատմամշակության կոթողների պահպանմանը։ Այդ գանգատներից հրաժարվելը, հետքաշելը նշանակում է արդարացնել Բաքվին վարած քաղաքականության համար։
Ինչպե՞ս են պատկերացնում այս պայմաններում Արցախի հարցի օրակարգում պահելու գործընթացը․«Նախ կարևոր են միջազգային դատական ատյաններում հայցերը, անհատական խմբային, որոնց ուղղությամբ մենք որոշակի աշխատանքներ տանում ենք տարբեր հայ գործընկերների, իրավապաշտպանների հետ միասին, և այդ գործերը ոչ միայն զանգվածային նշանակություն ունեն, այլ կան նաև որոշ գործեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։ Այդ դատական ակտերի արդյունքում մենք կարող ենք բավականին կարևոր հիմնարար իրավունքներ ամրագրել, և՛ անհատական, և՛ հավաքական։ Մյուս անելիքը քաղաքական դաշտում տարբեր երկրներում ստանալ բանաձևեր, տարբեր փաստաթղթեր, հնարավորինս նաև պարտադիր ուժ ունեցող, որոնք կամրագրեն մեր իրավունքները և նաև կարտահայտեն տվյալ երկրների իշխանությունների դիրքորոշումները, օրինակ՝ Շվեյցարիայի պառլամենտի բանաձևը, վերջերս Բելգիայի պառլամենտի բանաձևը, ժամանակին Ֆրանսիայի, մի քանի անգամ Եվրոպական պառլամենտի բանաձևերը։ Աստիճանաբար այս խորհրդարանական մակարդակում և նաև հասարակական մակարդակում տեղի ունեցող զարգացումները պետք է կարգավորել։ Պետք է կապիտալիզացնել նաև գործադիր իշխանության գործողություններն ու քայլերը։ Սա կարող ենք մենք անել սփյուռքի մեր ընկերների, բարեկամների, հայրենակիցների միջոցով և նաև օտարերկրյա մեր բարեկամների միջոցով։ Աստեղ մենք հնարավորինս նախաձեռնող պետք է լինենք, և սա հնարավոր է անել նույնիսկ Հայաստանի իշխանությունների գործող դիրքորոշումների պայմաններում։ Նաև տարբեր ձևերով միջազգային հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների շրջանակներում պետք է ունենալ աջակցություն, բարեկամներ, փաստաթղթեր ամրագրել, որոնք ապագայում մեզ պետք են գալու։ Սրանք բոլորը կոնկրետ քայլեր են, որոնց ուղղությամբ մենք կարող ենք աշխատել։ Իհարկե նաև Արցախի մշակութային ժառանգության մասին մասնավոր սեփականության պաշտպանության մասով տարբեր մեխանիզմներ կան, որ պետք է գործարկենք, որպեսզի ճնշումը մեծանա Ադրբեջանի վրա և հնարավորինս մենք պաշտպանենք մեր ժառանգությունն ու մեր սեփականությունը»,- ասել է Բեգլարյանը։
Սա չի անելու Հայաստանի գործող իշխանությունը, իրականություն դարձնելը դժվար է, բայց ոչ անհնար։ Բեգլարյանի խոսքով՝ գործիքակազմը սահմանափակ, բայց կա։ Պետք է գործել։