
Դատարանը Կարապետյանի գործով փողերի լվացման մեղադրանքները մերժեց, մնաց հրապարակային կոչի մեղադրանքը
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է վերջին դատական նիստի արդյունքները։ Նա երեկվա նիստի և այսօրվա դատական ակտի հրապարակումից հետո ներկայացրել է որոշ կարևոր շեշտադրումներ։
Նախ, միջնորդությունը վերաբերում էր մեղադրանքներին, որը կապված էր հրապարակային կոչերի հետ, նաև փողերի լվացում, հարկեր ու տուրքեր չվճարելը և նմանատիպ գործողություններ, որոնք իբրև իրականացվել են Սամվել Կարապետյանի կողմից։
Վարդևանյանի խոսքով` դատարանը արձանագրել է, որ փողերի լվացում, հարկեր չվճարելը և նմանատիպ մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել։ Փաստաբանն ընդգծել է, որ դատական նիստը երկար տևեց, քանի որ պաշտպանական կողմը մի շարք հարցեր է ուղղել քննիչին, որոնց պատասխանը չի տրվել, և ներկայացվել են առարկություններ` հատկապես տնտեսական բնույթի մեղադրանքների մասով։
«Միաժամանակ, դատարանը համարել է, որ իշխանությունը բռնությամբ զավթելու վերաբերյալ հրապարակային կոչերի մասով հիմնավոր կասկած կա։ Խոսքը վերաբերվում է Սամվել Կարապետյանի քաղաքական գործընթացին մասնակցելու հայտարարությանը և ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում արտահայտված մտահոգություններին, որոնք կապված են մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և կաթողիկոսի գործունեության հետ»,- ասել է Վարդևանյանը:
Նրա խոսքով` դատավոր Տիգրան Դավթյանի որոշմամբ՝ միջին ծանրության ենթադրյալ հանցագործության առնչությամբ խափանման միջոց կարող է լինել միայն կալանքը, որը կապահովի պատշաճ վարքագիծը։
«Միաժամանակ դատարանը գտել է, որ կոչերի վերաբերյալ, այսինքն իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի հետ կապված, հիմնավոր կասկած առկա է։ Մեր ձևովի մասին է խոսքը։ Մեկ ԶԼՄ-ին տրված հարցազրույցում մտահոգություն արտահայտելը մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր մայր Աթոռ եկեղեցու, մի խոսքով, մեր հավատքի նկատմամբ ընդհանրապես այն ամենը, ինչ տեղի ունենում էր նաև Վեհափառ Տիրոջ վերաբերյալ, կաթողիկոսի վերաբերյալ, այդ բոլոր մտահոգությունները, որոնք ներկայացնում է Սամվել Կարապետյանը, ի դեպ, հենց լրագրողն էլ հարցադրումը ընդգծում է, ի՞նչ սպասենք որպես գործարար, բարերար, մայր աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և այդ հարցադրման հետ կապված հնչում է պատասխան»,- ասել է Վարդևանյանը:
Փաստաբանի գնահատմամբ` այս իրավիճակը հանդիսանում է իրավական աբսուրդ, քանի որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է հանրային անձ, իր քաղաքական ակտիվությունը հրապարակային է, իսկ միջին ծանրության ենթադրյալ հանցագործության պատիժը սովորաբար սկսվում է տուգանքով։
Վարդևանյանը նաև նշել է, որ դատարանը համարել է, որ կա նաև թաքնվելու ռիսկ, ինչն անհամապատասխան է իրականությանը, քանի որ գործարարը հանրայնորեն հայտնի է և իր քաղաքական հայտարարությունները հանրությանը ներկայացված են։