
Թրամփը Պուտինի հետ հանդիպումը անվանել է «արդյունավետ», թեև Ուկրաինայի հարցում առաջընթաց չի գրանցվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկայում կայացած գագաթնաժողովը ավարտվել է առանց որևէ բեկումնային որոշման Ուկրաինայի հարցում. գրում է CNBC հեռուստաալիքը:
Չնայած դրան՝ Թրամփը հանդիպումը որակել է «արդյունավետ», իսկ Պուտինը այն անվանել է «սկզբնակետ»՝ թե՛ Կիևի հետ հակամարտության լուծման, թե՛ Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման համար։
Սա Պուտինի առաջին այցն էր ԱՄՆ վերջին տասնամյակում։ Նա ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակում են»։
Հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ, ավարտվել է հայտարարություններով՝ առանց մանրամասների և առանց հարցուպատասխանի։ Թրամփը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել «շատ հարցերում», սակայն մի քանի կարևոր թեմա դեռ մնում է բաց։ Նա խոստացելէ արդյունքների մասին տեղեկացնել ՆԱՏՕ-ին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Ռուսական պետական լրատվամիջոցները հանդիպումը ներկայացրել են որպես Մոսկվայի դիվանագիտական հաջողություն։ Իսկ Կիևում այն ընդունվել է մտահոգությամբ՝ հնարավոր տարածքային զիջումների վտանգի պատճառով։