
Պատանդների առկայությունը Գազայում կստիպի Իսրայելին հրաժարվել քաղաքը գրավելու որոշումից. ՀԱՄԱՍ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և նրա դաշնակից զինված խմբավորումները քննարկում են իսրայելցի պատանդներին Գազա քաղաք տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի խափանեն քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու Իսրայելի ծրագիրը. հաղորդել է Asharq al-Awsat թերթը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ պաղեստինյան կողմը կարծում է, որ պատանդների առկայությունը կստիպի հրեական պետության ղեկավարությանը հրաժարվել քաղաքը գրավելու որոշումից, քանի որ ռազմական գործողությունների պայմաններում գերության մեջ գտնվող իսրայելցիների կյանքը վտանգի տակ կլինի:
Թերթի փոխանցմամբ՝ առաջարկը քննարկման փուլում է, և այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկած ծրագիրը՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկելու և պաղեստինյան անկլավում գործողությունը ընդլայնելու վերաբերյալ:
Նեթանյահուի խոսքով՝ այս գործողությունների նպատակը «ոչ թե Գազայի գրավումն է», այլ՝ հատվածի «ազատագրումը» ՀԱՄԱՍ-ի արմատականների ռազմական ներկայությունից: Օգոստոսի 17-ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ հրեական պետության զինված ուժերը շուտով կսկսեն գործողությունը Գազա քաղաքում։