
Զելենսկին պատրաստ է «մարսելի փոխզիջման» գնալ ներկայիս առաջնագծում․ Financial Times
Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացիների համար ընդունելի փոխզիջման գնալ ներկայիս առաջնագծում, սակայն պատրաստ չէ զորքերը դուրս բերել Դոնբասից․ գրել է Financial Times–ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելինսկիի նպատակը կլինի քննարկել «խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացն՝ առանց Ուկրաինային ստիպելու անհնարին քայլեր ձեռնարկելու, ինչպիսին է զորքերի դուրսբերումը Դոնեցկից և Լուգանսկից»։
«Դրա համար Զելենսկին պատրաստ է «մարսելի փոխզիջման» գնալ ներկայիս առաջնագծում, որը ուկրաինացիները կարող են ընդունել», – գրել է թերթը։
Ավելի վաղ՝ Ալյասկայում Թրամփի և Պուտինի հանդիպման նախօրեին, Զելենսկին հայտարարել էր, որ տարածքային զիջումներ չի անի՝ հղում անելով Ուկրաինայի սահմանադրությանը։ Ավելի ուշ նա ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ինքնուրույն դուրս չեն գա Դոնբասի իրենց վերահսկողության տակ գտնվող մասից։ Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է տարածքային հարցը քննարկել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։
Reuters-ը հաղորդել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Իր հերթին՝ Fox News-ը, հղում անելով եվրոպացի դիվանագետի, նշել է, որ Սպիտակ տան ղեկավարն աջակցում է Ռուսաստանի կողմից Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու և ռազմաճակատի մյուս հատվածներում շփման գծերը սառեցնելու գաղափարին: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ–ն աջակցում է Դոնբասի ամբողջ տարածքը Մոսկվայի վերահսկողության տակ հանձնելու գաղափարին: Նրա խոսքով՝ նման որոշումները պետք է կայացնի ուկրաինական կողմը՝ կախված նրանից, թե «ի՞նչ են նրանք պատրաստ անել և ի՞նչ են ուզում ստանալ»: