
Պուտինը Էրդողանին է ներկայացրել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ իր գնահատականները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ իր գնահատականները․ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։
«Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը», – նշել է Կրեմլը։
Հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել փոխանակել ոչ միայն զինվորական անձնակազմ, այլև՝ քաղաքացիական անձինք։ Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք առցանց աշխատանքային խմբեր՝ քաղաքական, ռազմական և մարդասիրական հարցերը լուծելու համար։ Բացի այդ՝ Մոսկվան առաջարկել է Կիևին տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3000 զինծառայողի մարմին, ինչպես նաև վերադառնալ առաջնագծում կարճատև մարդասիրական դադարների՝ վիրավորներին և զոհվածների մարմինները հավաքելու համար։ Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների չորրորդ փուլի վերաբերյալ որոշումը կկայացվի նոր համաձայնագրերի իրականացումից հետո։
Պուտինն ու Էրդողանը նաև բարձրացրել են երկրների միջև առևտրի և ներդրումների զարգացման թեման։ «Շոշափվել են նաև երկկողմ օրակարգի որոշ հրատապ հարցեր, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները», – նշվել է հայտարարության մեջ։