22 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարչակազմի բարեհաճությանը արժանանալու ցանկությունն Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. Axios

Թրամփի վարչակազմի բարեհաճությանը արժանանալու ցանկությունն Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. Axios

Ադրբեջանը ձգտում է ավելի սերտ ազգային անվտանգության և տեխնոլոգիական կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի միջնորդությամբ խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո․ գրել է Axios պորտալը:

Ինչպես նշվել է, Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանի և Իրանի միջև, որոնք «Վաշինգտոնի ամենասուր փշերից են»: Այն նաև նավթի և գազի խոշոր արտահանող է՝ լավ զինված ԶՈւ-ով։ Երկիրն ունի ԱՄՆ-ի հետ գործակցելու փորձ, այդ թվում՝  թռիչքների և վառելիքի լիցքավորման իրավունքի ոլորտում ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Սակայն Ադրբեջանի երկարատև հակամարտությունների պատմությունը հարևան Հայաստանի հետ, որն ունի ազդեցիկ սփյուռք ԱՄՆ-ում, ստվեր է գցել Նահանգների հետ հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Axios-ին հայտնել է, որ իր կառավարությունը այժմ «աշխատելու է բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, աշխատանքային խմբեր ստեղծելու և հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»։ «Եկե՛ք բացենք նոր էջ: Եկե՛ք միասին աշխատենք, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև՝ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները զարգանան», – նշել է Իբրահիմը:

Ինչպես նշվել է հոդվածում, Հայաստանը և Ադրբեջանը տարածքային վեճեր են ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր, երբ երկուսն էլ անկախություն են ձեռք բերել։ Երկու երկրների միջև պատերազմները հազարավոր մարդկանց կյանք են խլել, շատերն էլ տեղահանվել են։ Նախորդ հրադադարներն ու միջամտությունները կարճատև են եղել։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է  2023 թվականին Արցախի վրա հարձակվելու և էթնիկ զտում անելու համար։ Այդ լեռնային տեղանքի համար մարտերը համարվում են ժամանակակից անօդաչու թռչող սարքերի պատերազմի ծննդավայր։

Իբրահիմը նախագահ Թրամփին է վերագրել խաղաղության գործընթացի առաջխաղացումը և նշել, որ նա «101%-ով» արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի։ «Այս շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշները չէին կարող անել ավելի քան 30 տարի»։ Դեսպանը նաև գնահատել է Սթիվ Ուիթքոֆին՝ Սպիտակ տան հատուկ դեսպանորդին, որի դերը «չի կարող անտեսվել»։Նա երկիր էր այցելել մարտին, նույն ամսին, երբ հայտարարվել է, որ խաղաղությունը մոտ է։ «Ցանկացած բանակցություններում՝ հատկապես շատ դժվար խաղաղության բանակցություններում, միշտ կարևոր է ունենալ շատ ուժեղ քաղաքական կամք՝ շատ ուժեղ համաշխարհային առաջնորդի կողմից: Ահա թե ինչ ստացանք այս անգամ», – նշել Իբրահիմը։ Ամերիկացի մի պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ Թրամփի վարչակազմի բարեհաճությանը արժանանալու ցանկությունը, կարծես, Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Ռազմագերիներ