
Բաքվում գերիների դատի և սրբազանների դատավարության միջև նմանություն չնկատելն անհնար է․ փաստաբան
«Սրբազան պայքար» շարժման աջակիցների և Բագրատ սրբազանի դատական նիստը կանխատեսելի է եղել, հորինված և շինծու․ ABC media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Երբ առաջին իսկ օրը Բագրատ սրբազանը ձերբակալվել էր, ես իր կեցավայրի դիմաց լրագրողներին արդեն ասել էի, որ այս գործով ներկայացված մեղադրանքները ժուլվերնյան ֆանտաստիկայի ժանրից են։ Ժամանակն ապացուցեց, որ մենք իրավացի ենք եղել։ Քննչական կոմիտեն, նախաքննական գաղտնիքը խախտելով, հրապարակել էր ձայնագրություններ, մինչդեռ պաշտպանական կողմը սահմանափակված էր գաղտնիության պահանջներով։ Այդ ձայնագրությունները խեղաթյուրված էին, մոնտաժված և կոնտեքստից կտրված»,- նշել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացը քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ է․ «Երբ տեսնում ենք, որ երկու սրբազանների կալանքը տվել է նույն դատավորը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Այս պայմաններում ակնկալել դատարանից արդար և անկախ որոշում՝ ողջամիտ չէ։ Երեկ մենք տեսել ենք, որ պաշտպանական կողմը փաստարկված ներկայացրել է այլ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը, սակայն դատախազության ներկայացուցիչը ընդամենը մեկ նախադասությամբ պնդել է, որ կալանքը պետք է շարունակվի ևս երեք ամսով։ Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը»։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ այս մթնոլորտում հնարավոր չէ ակնկալել արդար դատավճիռ․
«Երբ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կա ճնշում, երբ անմեղության կանխավարկածը խախտվել է անգամ երկրի ղեկավարի կողմից, ակնկալել արդար դատական համակարգ պարզապես իրատեսական չէ։ Հանրությունը, սակայն, այս դատավարության ընթացքում վերջնականապես կհամոզվի, որ գործը շինծու է և Բագրատ սրբազանն ու աջակիցներն անմեղ են»,- ասել է փաստաբանը։
Հարությունյանը նաև արձագանքել է Արամ Վարդևանյանի կատարած համեմատությանը՝ Բաքվում ընթացող դատավարությունների հետ․
«Այդ նմանությունը անհնար էր չնկատել։ Երբ երեկ գտնվել եմ ապակե պատով բաժանված դահլիճում, նույն անզորության զգացողությունն եմ ունեցել։ Բայց միևնույն ժամանակ գոնե այստեղ փաստաբանները հայերեն են խոսել, կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալներին, մինչդեռ այնտեղ մարդիկ լքված են անգամ այս պետության կողմից։ Այս համեմատությունը ցավալի է, սակայն նաև տեղին»։
Հարությունյանը հավելել է, որ երկու սրբազանների գործերով դատավարությունները փոխկապակցված են․ «Երբ նույն օրը, նույն ժամին երկու արքեպիսկոպոս կանգնում են դատարանի առջև շինծու մեղադրանքներով, պարզ է դառնում, որ այս գործընթացները միևնույն շահին են ծառայում»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին դատարանը որոշել է 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանի կալանքը։