
Զելենսկին թվարկել է, թե իրականում ի՞նչ անվտանգության երաշխիքներ կարող է ստանալ Ուկրաինան
Կիևը դրական ազդանշան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որ իր երկիրը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասնակից։ Սա հնարավորություն է տալիս, որ այլ պետություններ ևս միանան դրան։ Այս մասին, ինչպես գրել է УНИАН կայքը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ Վաշինգտոնում հանդիպումից առաջ Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխավորների շարքում չէր, բայց հիմա հայտարարություններ կան միանալու պատրաստակամության մասին։
«Եվ սա, կարծում եմ, հիմնական դժվարություններից մեկն էր։ Առանց ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգման՝ եվրոպացի գործընկերների շրջանում նույնպես որոշակի անորոշություն կար։ Օրինակ՝ մեկ եվրոպական երկիր ասում է, որ պատրաստ են դա անել։ Եվ կա ցանկ, թե ինչի է պատրաստ անել եվրոպական երկիրը։ Եվ այս ցանկից հետո գալիս է «բայց»-ը, եթե, օրինակ, լինի Միացյալ Նահանգների ներկայությունը կամ համակարգումը», – նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ այսօր հայտնի չէ, թե քանի երկիր է պատրաստ օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ներգրավմանը՝ որպես ռուսական հարձակումներից պաշտպանության երաշխիքային ուժ։
«Մենք չգիտենք, թե քանի երկիր է պատրաստ « boots on the ground» ծրագրին։ Մենք գիտենք, որ կոալիցիայում կա 30 երկիր, որոնք հնարավոր է քննարկում են անվտանգության երաշխիքներին իրենց մասնակցությունը։ Մեկը պատրաստ է ապահովել օդային պաշտպանություն։ Մեկը կծածկի երկինքը կամ կկատարի որոշակի պարեկություն երկնքում՝ համապատասխան քանակի ինքնաթիռներով։ Մեկը, վստահ եմ, պատրաստ կլինի միայն ֆինանսավորման, քանի որ նրանք իրենց Սահմանադրությամբ ունեն չեզոքության կամ այլ կարգավիճակ», – նշել է նախագահը։
Ըստ նրա՝ կարևոր է, որ կան երկրներ, որոնք պատրաստ են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, այդ թվում՝ մասնավորապես Ճապոնիան և Ավստրալիան։
«Մենք չգիտենք, թե նրանք կոնկրետ ինչի՞ են պատրաստ լինելու, բայց կարևոր է, որ նրանք գոյություն ունենան։ Մի փոքր ժամանակ՝ և մոտավոր համաձայնություն կլինի։ Այս բոլոր երկրները կարևոր են։ Հիմնական զորակազմը դեռևս ուկրաինացիներ են։ Ուկրաինական բանակին զենք և աշխատավարձ է պետք։ Եվ եթե այնքան շատ երկրներ լինեն, որքան ես խոսում եմ, ապա, հնարավոր է, նրանք Ուկրաինային ֆինանսական աջակցություն և զենք տրամադրեն», – ընդգծել է Զելենսկին։