
«Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը լուրջ հարցեր է առաջացնում ՀՀ-ի ինքնիշխանության վերաբերյալ․ LA Times
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արմատները խորն են։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը և Ադրբեջանը դաժան պատերազմ են մղել տարածաշրջանի համար, որն ադրբեջանցիներն անվանում են Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը՝ Արցախ։ Հրադադարը տևեց տարիներ, սակայն հիմնական վեճերը՝ տարածքի, կառավարման և տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, մնացին չլուծված․ գրել է Los Angeles Times-ը։
Կայքը հիշեցրել է, որ պատերազմը կրկին բռնկվել է 2020 թվականին։ Թուրքիայի աջակցությամբ և ժամանակակից զենքերով զինված՝ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել տարածքի մեծ մասի նկատմամբ։ Թրամփի վարչակազմը ոչինչ չարեց իմաստալից միջամտելու համար։ Հայերի համար դա ավերիչ կորուստ էր՝ հողի, անվտանգության, վստահության և մշակութային ժառանգության։ Ադրբեջանի համար քաղաքական և ռազմական հաղթանակ էր, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը։
2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումն՝ ամրապնդելով իր վերահսկողությունն արդեն պատերազմից տապալված տարածաշրջանի վրա։ Հաջորդ 10 ամիսների ընթացքում 120,000 հայերի համար, որոնցից շատերը երեխաներ և տարեցներ էին, գազը, էլեկտրաէներգիան, ինտերնետը, սնունդը և դեղորայքը դարձան անհասանելի։
Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերին տևեց ընդամենը 24 ժամ, բայց ստիպեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի՝ գրեթե ամբողջ տարածաշրջանի բնակչությանը, լքել իրենց տները։ Դարավոր համայնքները գրեթե մեկ գիշերվա ընթացքում դատարկվեցին, և ընտանիքները թողեցին տները, բիզնեսները և պաշտամունքի վայրերը՝ անորոշության մեջ լինելով, թե արդյոք երբևէ կվերադառնա՞ն։
Ըստ հոդվածագրի՝ Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը վաղուց պակասել է հետևողականությունը, հաշվետվողականությունը և ագրեսորներին դիմակայելու կամքը՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության գլուխ:
Ինչպես ընդգծվել է, Վաշինգտոնում նախաստորագրված ՀՀ-Ադրբեջան-ԱՄն համաձայնագիրը գործարքային է։ Հայաստանը ստանում է ԱՄՆ անվտանգության երաշխիքներ և համագործակցություն արհեստական բանականության ոլորտում, այդ թվում՝ աջակցություն ի հայտ եկող արհեստական բանականության կենտրոնի համար, որը նախատեսված է նրա արևմտյան ուղղությունը ամրապնդելու համար։ Ադրբեջանը փաստացի անձեռնմխելիություն է ստանում՝ փոխարենը պատասխանատվության ենթարկվելու արցախահայերի դեմ իր գործողությունների , ինչպես նաև զենքի վաճառքի և Թուրքիա տարանցիկ միջանցքի համար։
Միացյալ Նահանգները ստանում է աշխարհաքաղաքական գավաթ. Թրամփի անունը դեպի Թուրքիա տանող միջանցքի վրա, տարածաշրջանում լծակներ և ակնհայտ դիվանագիտական «հաղթանակ»՝ ներքին շուկայում գովազդվելու համար։
Սակայն այս գործարքը դեռևս ամբողջական չէ։ Այն բաց է թողնում տեղահանված հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը, անտեսում է հայերի քաղաքների, տների և բիզնեսների ոչնչացումը, որևէ պարտավորություն չի ստանձնում պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը և ոչինչ չի ասում ռազմագերիների մասին։ Հայկական Սփյուռքում շատերի համար սրանք ակնհայտ և անընդունելի բացթողումներ են։
Թղթի վրա նոր անվանում ստացած «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը ներկայացվում է որպես չեզոք, համագործակցային ճանապարհ, որը պետք է կառավարվի ԱՄՆ-ի կողմից: Իրականում այն լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Միջանցքը կանցնի Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ Իրանի հետ նրա միակ ուղիղ ցամաքային կապով, և կարող է թուլացնել Երևանի կարողությունը՝ լիովին վերահսկելու սեփական սահմանները, կարգավորելու առևտուրը և ապահովելու հարավային կենսականորեն կարևոր գծին անարգել մուտք: