23 Օգս
2025
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազնաբերդը սրտում, հուշերը՝ թոռների ապրելակերպում. նախիջևանցի քույրերը տուն գնալ են ուզում

Ազնաբերդը սրտում, հուշերը՝ թոռների ապրելակերպում. նախիջևանցի քույրերը տուն գնալ են ուզում

Ազնաբերդցի Արամի դուստրերը՝ Ռիմա և Վալյա Գաբրիելյանները, արդեն տասնամյակներ է, ինչ ապրում են Մարմարաշեն գյուղում, բայց նրանց սիրտը դեռ հայրենի Նախիջևանում է, որտեղ թողել են իրենց մանկությունը, տները, հարազատներին ու հուշերը։

78-ամյա Ռիմա Գաբրիելյանը հաճախ է կրկնում․ «Ուշքս ու միտքս մեր տունն է՝ Ազնաբերդում։ Մեկը հայրական էր, մյուսը՝ ամուսնուս տունը։ Սարի լանջերին փռված այդ տները լի էին արևով, համագյուղացիների ուրախ ձայնով ու հողի հոտով։

Գյուղում հարմարավետ էր, կյանքն էլ եռում էր․ ունեին միջնակարգ դպրոց, գինու գործարան, աղի հանք ու բազմաթիվ աշխատատեղեր։ Իսկ ամենասիրված տոները հարսանիքներն էին․ որքան էլ տղայի տունը հեռու լիներ հարսի տնից, պետք է դհոլ-զուռնայով, անպայման ոտքով գնային հարսին բերելու ու նույն կերպ՝ հետ բերեին։

«Մենք այնքան հետաքրքիր էինք անցկացնում նախիջևանյան հարսանիքները։ Գալիս էինք զուռնադհոլով։ Բայց իմ ամենաուրախ օրն անցկացրել եմ տղայիս բանակ ճանապարհելիս։ Այնքան ուրախ էի, որ տղաս արժանի է հայրենիքին ծառայելուն»,- հիշում է Ռիմա Գաբրիելյանը։

Վալյա Գաբրիելյանն էլ իր և ամուսնու անհոգ կյանքն է հիշում, իրեն լավ են պահել, դրա համար ջահել ու «պահպանված է»։

«Ամուսնանալուց հետո 5 տարի սկեսուր եմ պահել, դրանից հետո մահացել է նա։ Ես շատ հեշտ եմ ապրել, ամուսինս լավ է պահել։ Սիրել ենք իրար։ Դե ափսոս, ամուսինս մահացել է, շատ եմ կարոտում», – պատմում է տիկին Վալյան։

Քույրերի պատմությունները փոխանցվում են թոռներին։

Այսօր Ռիման ու Վալյան ապրում են մեկ գյուղում, բայց տարբեր ընտանիքներում։ Մեկը՝ 10 հոգանոց մեծ ընտանիքի հետ, մյուսը՝ երեք հոգով։ Երկուսն էլ թոռներ ու ծոռներ ունեն։ Նրանց պատմությունները դարձել են ժառանգություն ու փոխանցվում են սերունդներին։

Տիկին Վալյան հաճախ է թերթում ֆոտոալբոմը՝ որոնելով իր զավակների ու հարազատների նկարները։ Քույրն էլ հիշում է համագյուղացիներին ու նախիջևանյան տանը մնացած կյանքը։ Սեղանին անպայման հայտնվում է սուրճը, բայց այն դառն է՝ հատկապես հեռացած հայրենիքի մասին զրույցներից հետո։

Գաբրիելյանների տունը Մարմարաշենում միշտ լի է շարժով ու աղմուկով։ Մեկ տանիքի տակ ապրում են երկու հարս ու երկու սկեսուր։ Տան ավագ հարս, բայց նաև փոքր սկեսուր Լիդա Սարգսյանը պատմում է, որ դա երբեք խնդիր չի դարձել․ «Համերաշխ ենք, սիրով ենք ապրում։ Տանը սովորել եմ պատրաստել նախիջևանյան ուտեսներ, օրինակ՝ ավելուկով ճաշը, որը մեր ընտանիքի սեղանի անբաժան մասն է»։

Ամռան ամենակարևոր արարողություններից մեկն էլ գորգ լվանալն է։

Գաբրիելյանների գորգը սովորական իր չէ։ Այն իրենց փաթաթված հիշողությունն է, որ ամեն ամառ բացվում է բակում։

Գորգի գույները հիշեցնում են Ազնաբերդի քամոտ այգիները, բերքառատ առօրյան ու հեռվում մնացած տները։ Ազնաբերդցիները տուն գնալ են երազում, ապրում հուշերով ու այն իրականացած տեսնելու հույսով։

 

Ռազմագերիներ