
Թուրքիան պատրաստ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Middle East Eye
Թուրքիան շարունակում է բաց մնալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար՝ Ռուսաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում, ներառյալ խաղաղապահ ուժերի տեղակայումը. Middle East Eye-ին հայտնել են Անկարայի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրները։
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին և մի քանի եվրոպացի առաջնորդների՝ հայտարարելով, որ համաձայնագիրը «հնարավորինս մոտ է» Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առանձին բանակցություններից հետո։
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, բայց բացառել է ԱՄՆ մարտական զորքերի տեղակայումը։ Նա հավելել է, որ եվրոպական երկրները կստանձնեն առաջատար դերը։ «Նրանք պաշտպանության առաջին գիծն են, քանի որ այնտեղ են, բայց մենք կօգնենք նրանց»։
Թրամփը նշել է, որ Պուտինը և Զելենսկին նախ կհանդիպեն ուղիղ բանակցությունների համար, որին կհաջորդի եռակողմ հանդիպում, որին ինքը նույնպես կմասնակցի։ Սակայն Կրեմլը մինչ այժմ նվազեցրել է առաջարկի նշանակությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ հայտարարել է, որ ցանկացած հանդիպում պետք է նախապատրաստվի «աստիճանաբար… սկսած փորձագիտական մակարդակից, ապա անցնելով բոլոր անհրաժեշտ քայլերով»՝ կրկնելով Կրեմլի ստանդարտ դիրքորոշումը։
Անկարայի մտածելակերպին ծանոթ թուրքական աղբյուրը նշել է, որ Թուրքիան աջակցում է Թրամփի նախաձեռնությանը՝ նշելով, որ թուրք պաշտոնյաները տարիներ շարունակ ձգտել են միջնորդել Պուտինի և Զելենսկու միջև ուղիղ բանակցություններին։
Աղբյուրը հավելել է, որ Անկարան բաց է Ուկրաինայում խաղաղապահ զորքեր տեղակայելու համար՝ որպես վերջնական կարգավորման մաս, եթե անմիջականորեն ներգրավված լինի նման ուժերի պլանավորման մեջ, չնայած Մոսկվայի հավանությունը կարևոր կլինի։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը անցյալ շաբաթ կրկնել է այդ միտքն՝ ասելով, որ Անկարան պատրաստ է աջակցել Ուկրաինայում ցանկացած խաղաղարար առաքելության «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ, որին ինքը միացել է տեսակոնֆերանսի միջոցով։
«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք լիովին աջակցել արդար և տևական խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերին», – երկուշաբթի կոալիցիայի մեկ այլ հանդիպման ժամանակ ասել է Յըլմազը։
Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի «Իլտալեհտի» թերթը հաղորդել է , որ եվրոպական երկրները պատրաստվում են Ուկրաինա ուղարկել 50,000 հոգուց բաղկացած ցամաքային զորք: «Գործառնական պլանը պատրաստ է: Մտադրությունն է Ուկրաինայում տեղակայել ամբողջ բանակային կորպուս՝ արևմտյան գեներալի գլխավորությամբ», – գրել է թերթը:
Մեկ այլ աղբյուր MEE-ին հայտնել է, որ չնայած ոչ մի կողմ պաշտոնապես չի քննարկել, թե ինչպես են իրականացվելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն, Անկարան փոխել է իր դիրքորոշումն այս տարվա սկզբին, այն բանից հետո, երբ Մոսկվան պնդել է, որ որևէ համաձայնագրի համաձայն թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը ուկրաինական հողի վրա։
Անկարայի մեկ այլ աղբյուր ենթադրել է, որ Ռուսաստանը կարող է համաձայնել թուրքական զորքերի տեղակայմանն Ուկրաինայում՝ ՆԱՏՕ-ից դուրս շրջանակներում։
Թուրքիան և Ռուսաստանն արդեն իսկ ունեն համատեղ աշխատանքի փորձ. նրանք համատեղ վերահսկել են հայ-ադրբեջանական հրադադարը 2020 թվականին՝ մինչև 2024 թվականը, և մի քանի տարի համատեղ պարեկություններ են իրականացրել Սիրիայում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ։
Թուրքական պահպանողական «Ենի Շաֆակ» թերթի սյունակագիր Յահյա Բոստանը նշել է, որ Անկարայի դիրքորոշումը տարբերվում է շատ եվրոպացի դաշնակիցների տեսակետից: