
ԱՄՆ-ում հրաժեշտ են տվել ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին
ԱՄՆ-ում, ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր հրաժեշտի խոսքում Մակունցը` անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է»,- նշել է Մակունցը։
Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատել հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա։
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար»,- ասել է Մակունցը։