
Թրամփը Ադրբեջան-Հայաստան համաձայնագրով ծանր հարված է հասցնում Իրանին․ New York Post
Փորձագետների կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի նոր գործարքը Հարավային Կովկասում վերջ է դրել տասնամյակներ տևած հակամարտությանը, և Վաշինգտոնը հազվագյուտ ռազմավարական հենակետ է ստացել Իրանի հյուսիսային սահմանին. գրել է New York Post-ը:
Այս ամսվա սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրն ԱՄՆ-ին 99 տարվա վարձակալության իրավունք է տալիս «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ նեղ հողաշերտ, որը կծառայի որպես Եվրոպա տանող կարևոր առևտրային և էներգետիկ ուղի՝ ամբողջությամբ շրջանցելով Թեհրանը: Իրանա-ամերիկացի լրագրող և այլախոհ Բանաֆշեհ Զանդը Fox News Digital-ին հայտնել է, որ այդ քայլը «հրաշալի ձեռքբերում է ԱՄՆ-ի համար», որը նաև «ապտակ է» Թեհրանի ռեժիմին:
Այս միջանցքը երկար ժամանակ գտնվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կենտրոնում, որը դարձել է տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ և հանգեցրել երեք տասնամյակ տևած անկայունության: Թրամփի միջամտությունը երկու կողմերին էլ բերել է բանակցությունների սեղանի շուրջ և ստեղծել այն, ինչը դիտորդները համարում են առևտրի և անվտանգության նոր ուղի, որը կապում է Կասպից ավազանը Եվրոպայի հետ՝ ամբողջությամբ շրջանցելով Իրանը:
Հայտնի որպես «Թրամփի երթուղի՝ խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), տնտեսապես այս համաձայնագիրը Վաշինգտոնին ապահովում է Կասպից ծովի ածխաջրածինների Եվրոպա հոսքի վերահսկման անմիջական դեր։ ԱՄՆ-ն կկառավարի երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, հեռահաղորդակցության ցանցերը և միջանցքով անցնող էներգետիկ խողովակաշարերն՝ ամերիկյան ընկերություններին գերիշխող դիրք տալով նավթի, գազի և ապրանքների տարածաշրջանային տարանցման գործում։ Այս զարկերակը վերահսկելով՝ ԱՄՆ-ն ոչ միայն միլիարդավոր դոլարներ է ներդնում ապագա առևտրում, այլև Եվրոպային կապում է այլընտրանքային մատակարարման ուղիների հետ, որոնք նվազեցնում են կախվածությունը թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից։
Դաշնակիցների համար այս միջանցքն ապահովում է կասպիական էներգիայի ավելի էժան և անվտանգ հասանելիություն: Թեհրանի համար դա նշանակում է կորցրած եկամուտ, կորցրած լծակներ և Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի պարտադիր դարպասապահի դերում հանդես գալու իր կարողության ավարտ:
Ըստ փորձագետների՝ գործարքը ոչ միայն պատմական է, այլև՝ Վաշինգտոնի համար ուղղակի հաղթանակ։
Իրանի համար միջանցքը մղձավանջային սցենար է: Թեհրանը վաղուց է օգտագործել իր աշխարհագրությունը՝ էներգետիկ և առևտրային հոսքերը ձևավորելու համար: ԱՄՆ-ին տարածաշրջան ներգրավելով՝ նոր գործարքը փաստացի զրկում է Իրանին այդ լծակից:
«Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի» Իրանի ծրագրի ավագ տնօրեն Բեհնամ Բեն Թալեբլուն ասել է, որ միջանցքը բացահայտում է, թե որքան խոցելի է դարձել Իրանը Կովկասում: «Ինչպես Հայաստանի պարտությունը Ադրբեջանի հետ վերջին պատերազմում, այնպես էլ այսօր Մոսկվայի և Երևանի միջև առկա քաղաքական խնդիրները դժվարացրել են Իսլամական Հանրապետության համար իրականում օգուտ քաղելը Հայաստանի հետ իր ավանդական տնտեսական և քաղաքական հարաբերություններից», – Fox News Digital-ին ասել է նա:
«Նրանք դեռևս կապեր ունեն, և ռեժիմը որքանով որ գաղափարախոսական է, այնքան էլ՝ օպորտունիստական։ Եթե կա որևէ միջոց այս համաձայնագրի վրա քարեր նետելու կամ զիջումներ կորզելու, նրանք կփորձեն»։Միևնույն ժամանակ, նա նշել, որ ռազմավարական պատկերը պարզ է։ «Իսլամական Հանրապետությունը, ըստ էության, կտրվել է այս երթուղուց», – նշել է փորձագետը։