
Թրամփը Ալիևին համատեղ լուսանկարներ է ուղարկել՝ «դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել։ Նա նշել է, որ լուսանկարներն իրեն ուղարկել է Թրամփը՝ դրանցից մեկը մակագրելով. «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»։
«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր անձնական ստորագրությամբ տրամադրված պատմական լուսանկարների, ինչպես նաև գրած ջերմ խոսքերի համար», – գրել է Ալիևը X սոցիալական ցանցում։
Օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարել Վաշինգտոնում։ Արդյունքում՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր և ստորագրել եռակողմ Վաշինգտոնյան հռչակագիրը (այն ներառում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համատեղ ապաշրջափակման մասին կետ)։ Խաղաղության պայմանագրում կողմերը, մասնավորապես, հրաժարվել են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից։