
Բուհերի 25 բաժին այս տարի ուսանող չի ունենա. ո՞ր մասնագիտություններն են պակաս պահանջված դարձել
Հայաստանում այս տարի բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է ընդհանուր 10,970 դիմորդ։ Հիմնական փուլում ընդգրկվել է 9,788 դիմորդ, իսկ լրացուցիչ փուլում՝ 1,182։ Մրցույթի համար հատկացված է եղել 2,142 անվճար և 9,984 վճարովի տեղ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերում. ABC media-ի հետ զրույցում ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
նա նշել է, որ հիմնական մրցույթը տեղի է ունենում դիմորդի հայտագրած մեկ մասնագիտության համար և առաջնահերթությունն ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը: Լրացուցիչ մրցույթին մասնակցում են հիմնական փուլից դուրս մնացածները ովքեր ստացած միավորներով չեն բավարարել և հնարավորություն ունեն մինչև վեց մասնագիտություն ընտրելու՝ որոնք համապատասխանում են իրենց հանձնած քննություններին: Գրիգորյանը ընդգծել է, որ որոշ մասնագիտություններ ի սկզբանե չեն հայտագրվում կամ առաջին կուրսում թափուր են մնում:
«25 մասնագիտության գծով պետական բուհերում ուսանող չկա: Օրինակ՝ Պոլիտեխնիկական համալսարանումմեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծման բաժնում ուսանող չկա, Կապանի մասնաճյուղում թափուր է օգտակար հանածոների հարստացման մասնագիտացումը, մետալուրգիայի և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր բաժինները դատարկ են Ճարտարապետաշինարարական համալսարանում, Մանկավարժական համալսարանում ուսանող չկա գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտացմամբ, Երևանի պետական կոնսերվատորիան պահանջարկ ունի կատարողականություն, ջազ, կիթառ բաժնում: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ազատ է թատերագիտության բաժինը, իսկ Գավառի պետական համալսարանում՝ քարտեզագրություն և կադաստրային գործը, դեղագործական քիմիան, բնապահպանություն և բնօգտագործումը ու աշխարհագրության բաժինները»,-նշել է Գրիգորյանը:
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի տվյալներն ավելի մանրամասն ներկայացրել է Սոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այս տարի համալսարան դիմել է 198 ուսանող որոնցից 87-ը հաղթահարել է միասնական քննությունները և ընդունվել, ինչը 40 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ: Նրա խոսքով համալսարանը համալրվում է նաև գյուղատնտեսական քոլեջից, որտեղ այս տարի ընդունվել է 512 նոր ուսանող:
Նույն համալսարանի ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը հավելել է, որ որոշ մասնագիտություններում դիմորդ չի եղել կամ չեն հաղթահարել միասնական քննությունները, օրինակ անասնաբուժություն, կենդանագիտություն, կենսատեխնոլոգիա, ագրոնոմիա և բուժական-սանիտարական փորձաքննություն:
Հայաստանի բուհերում ընդունելության ցուցանիշը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ 10–15 տարի առաջ ընդունվել է 19–20 հազար ուսանող, վերջին տարիներին, եթե միացնենք նաև հեռակա ուսուցման ուսանողների թիվը, ապա այն կազմում է մոտ 15 հազար։
Խաչատրյանի խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը այն է, որ շատ աշակերտներ նախընտրում են դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատել և գումար վաստակել՝ բուհ ընդունվելու փոխարեն:
«Շատերը արդեն 11–12-րդ դասարանում սկսում են աշխատել, գումար վաստակել և չեն տեսնում, որ բարձրագույն կրթությունը իրենց համար շահավետ է», – ասաց Խաչատրյանը:
Երկրորդ պատճառը սովորելուն անհրաժեշտ ծախսերն են. ուսման վարձը, Երևանում բնակվելու ու ապրելուն անհրաժեշտ այլ ծախսերը մի շարք ուսանողների համար դարձնում են կրթությունը դժվար հասանելի։
Երրորդը՝ ուսանողների մի մասը նախընտրում է արտերկրում շարունակել ուսումը՝ ԱՄՆ, Ֆրանսիա կամ այլ երկրներում, ինչն էլ նվազեցնում է տեղական բուհերի դիմորդների թիվը։
Սերոբ Խաչատրյանը ընդգծել է նաև դպրոցական կրթության որակի ազդեցությունը. «Եթե դպրոցում որակը ընկնում է, բուհ ընդունվել ցանկացողների թիվը նվազում է», – ասաց նա:
Խաչատրյանը նշեց նաև, որ օրինակ՝ մի շարք համալսարաններում չեն կարողանում հաղթահարել միասնկան քննության նվազագույն շեմը, այն է 7.5 բալ: Սա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում կային համալսարաններ, որտեղ հնարավոր էր ընդունվել մեկ քննությամբ։ Նոր կանոններով երկու քննություն հանձնելը դժվարություններ է առաջացնում նաև այդ բուհեր ընդունելության համար: