
Իրանը պատրաստ է Իսրայելի հետ պատերազմի․ Արաղչի
Իրանը խոստովանում է, որ Իսրայելի հետ զինված հակամարտությունը կարող է կրկնվել, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է տարածաշրջանում ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին` Al Awsat թերթ հետ զրույցում:
«Ամեն ինչ հնարավոր է, բայց մենք պատրաստ ենք ցանկացած հանգամանքի։ 12-օրյա պատերազմի ընթացքում սիոնիստական կազմակերպությունը և Միացյալ Նահանգները չեն հասել իրենց նպատակներից որևէ մեկին, մինչդեռ Իրանը հերոսաբար դիմադրել է և միաժամանակ պատասխանել ագրեսիային»,- նշել է Արտաքին գործերի նախարարության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ Իրանի և Իսրայելի միջև առճակատումը վերսկսվի։
Նախարարի խոսքով՝ Իսրայելը միակողմանիորեն «խնդրել է անվերապահ հրադադար» Իրանի տարածքի վրա հարձակումների սկսվելուց 12 օր անց։ «Եթե նրանք ցանկանում են կրկնել այս սցենարը, մենք պատրաստ ենք։ Սակայն 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ ռազմական տարբերակը ձախողվել է։ Հետևաբար, կասկածում եմ, որ նրանք կրկին կդիմեն նման քայլի։ Բայց եթե դա տեղի ունենա, նրանք կհանդիպեն նմանատիպ, բայց ավելի կոշտ պատասխանի»,- հավելել է Արաղչին։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել դրա սրացումից ինն օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Քաթարի Ալ-Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։