
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով պատերազմն ավարտվեց. Ալիևի հարցազրույցը՝ կետերով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին և խոսել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության հռչակագրի և այլ հարցերի մասին: Ալիևի հարցազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը իրականում առճակատման ավարտն է և փակուղուց դուրս գալու ելքը։
- Փաստաթուղթը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման տեսլականի ադրբեջանական տարբերակի վրա։ Բանակցությունները տևեցին մի քանի տարի և ավարտվեցին Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։
- Կարծում եմ՝ սա իրականում հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։
- Պաշտոնական խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունում դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչքան մենք հասկանում ենք՝ նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ երբ դա տեղի ունենա, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Բայց այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են այս փաստաթուղթը Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է ավելի քան 30 տարի տևած պատերազմի ավարտ:
- Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար։
- Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները։
- Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի առաջնորդի կողմից։