27 Օգս
2025
34° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնյան համաձայնագիրը խախտելու դեպքում ՀՀ-ն կբախվի լուրջ հետևանքների․ Ալիևը կրկին սպառնացել է

Վաշինգտոնյան համաձայնագիրը խախտելու դեպքում ՀՀ-ն կբախվի լուրջ հետևանքների․ Ալիևը կրկին սպառնացել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը (TRIPP, «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար») կիրականացվի մոտ ապագայում։

«Այժմ, երբ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», ես վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում», – նշել է Ալիևը՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ երթուղու գործունեության և Ադրբեջանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ, քանի որ «միայն Հայաստանի երաշխիքները բավարար չեն լինի»։

«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի և լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ։ Այլ կերպ ասած՝ Նախիջևանից Ադրբեջան կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմարություն զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունն ու թշնամանքը», – հայտարարել է Ալիևը։

Նա նաև կարծում է, որ նոր երթուղին կդառնա միջազգային տրանսպորտային համակարգի մաս և օգտակար կլինի Երևանի համար։ «Զանգեզուրի միջանցքի շնորհիվ՝ Հայաստանը կստանա տարանցիկ վճարներ փոխադրումներից։ Հաշվի առնելով, որ Ասիայից դեպի Եվրոպա Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է, վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակ», – ընդգծել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել է, որ Հայաստանի կողմից Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերը չկատարելը կհանգեցնեն լուրջ հետևանքների։

«Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ իշխանության գալու ժամանակից, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բոլոր առումներով՝ բացարձակապես մեր օգտին է», – հայտարարել է Ալիևը։

Ըստ նրա՝ ստորագրված փաստաթղթի կարևորությունը երկու կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մեջ է։ «Եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության հետ։ Եվ ո՞վ կհաղթի և ո՞վ կպարտվի այս դեպքում։ Կարծում եմ՝ սա հռետորական հարց է», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն կցուցաբերի «բավարար իմաստություն» և չի վերանայի ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Սա երկու պետությունների միջև համաձայնագիր է։ Սա իմ և Փաշինյանի միջև համաձայնագիր չէ», – հավելել է Ալիևը։

Ռազմագերիներ