
Գաղափարախոսությունների բախում․ Փաշինյանի «իրական Հայաստանն» ընդդեմ «հավերժական Հայաստանի»․ Известия
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի դատավարությունը շարունակվում է Երևանում։ Գալստանյանի փաստաբանները վերջերս հրաժարվել են մասնակցել դատավարությանը՝ դատավորի գործողությունները որակելով անօրինական։ Աջապահյանի փաստաբանները պահանջել են, որ գործին կցվի իրենց պաշտպանյալի ելույթի տեսագրությունը, որը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից և չի հայտնաբերվել հանցագործության որևէ տարր։
Այժմ, նույն այդ խոսքերի համար, արքեպիսկոպոսը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու համար։ Դատարանը վերջերս երկարաձգել է երկուսի կալանքի ժամկետը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն է խնդրել եկեղեցու մասին իր ասած կոշտ խոսքերի համար, բայց, ըստ երևույթին, չի պատրաստվում կրճատել դրա դեմ քաղաքական արշավը. գրել է ՌԴ ԱԳՆ-ին կից Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը՝ Известия-ում հրապարակված վերլուծությունում։
Հեղինակի խոսքով՝ այս արշավն աննախադեպ է։ Այնուհետև վարչապետը ներկայացրել է եկեղեցու բարեփոխման իր ծրագիրն, այն է՝ գրել նոր եկեղեցական կանոնադրություն ժամանակակից հայերենով և երկրի աշխարհիկ իշխանություններին վճռորոշ ձայն տալ եկեղեցու ղեկավարի ընտրության հարցում: Ըստ հոդվածագրի՝ եկեղեցու բարեփոխման ծրագիրը գործնականում անիրագործելի է: Նախ՝ նրան ստիպելը փոխել իր կանոնադրությունը հենց այն պահին, երբ երկու արքեպիսկոպոսների դատում են, անլուծելի խնդիր է: Երկրորդ՝ Հայ Առաքելական եկեղեցին միայն Հայաստանով չի սահմանափակվում. այն ունի գրեթե երեք տասնյակ թեմեր և էկզարխիաներ երկրից դուրս, և դրանք սպասարկում են, ի թիվս այլոց, ազդեցիկ ռուսական, ֆրանսիական և ամերիկյան սփյուռքներին: Հավանական չէ, որ այս սփյուռքները հեշտությամբ կհամաձայնեն, որ հայկական եկեղեցու նկատմամբ իշխանությունը պատկանի այս երկրի վարչապետին:
Հայկական ղեկավարության և հայկական եկեղեցու միջև հակամարտությունը, սակայն, ըստ երևույթին, անխուսափելի էր: Նիկոլ Փաշինյանը հռչակել է, ինչպես ինքն է անվանում, «իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։ Դրա էությունն այն է, որ չպետք է կառաչել մեծ անցյալից և չխղճալ իրենց հայրենի հողից վտարված արցախցի հայերին, այլ պետք է բավարարվել նրանով, ինչ կա՝ նախկին խորհրդային հանրապետության սահմաններում գտնվող Հայաստանով։
«Եթե գաղափարախոսական բաժանումը, որը երկրի առաջնորդը առաջարկում է իր երկրին, ընթանում է «իրական Հայաստանի» և «հավերժական Հայաստանի» սահմանագծով, ապա եկեղեցու տեղն այստեղ ակնհայտ է։ Այսօրվա պատմական պահի դրությամբ Հայ եկեղեցին գերազանցել է բոլոր հայկական պետություններին՝ մեծ ու փոքր, ճանաչված և չճանաչված։ Եթե կա մի հաստատություն, որը արտացոլում է հայոց պատմության խորը շարունակականությունը, դա եկեղեցին է», – դրել է Սիլաևը՝ հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի արդյունքը կպատասխանի այն հարցին, թե արդյոք աշխարհում դեռևս պահպանվո՞ւմ է այն Հայաստանը, որը ճանաչել են վերջին մեկուկես կամ երկու դարերի ընթացքում։