
ԵՄ-ը պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ
Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն. հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի ընդունելության ժամանակ։
Ադրբեջանի ղեկավարը հատկապես ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։ Նշել է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը՝ վերացնելու Մինսկի խումբը, կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում։
Մագդալենա Գրոնոն, իր հերթին, ԵՄ ղեկավարության և իր անունից շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցերի շուրջ ձեռք բերված կարևոր արդյունքների համար։
Նա ընդգծել է, որ այս գործընթացը մեծ ներդրում է ունենում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գործում։ Պաշտոնյան նշել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Մագդալենա Գրոնոյի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։
Ալիևը հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանը երկկողմ հիմունքներով աջակցում է Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցառումներին։
Կրկին ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցության հաստատման կարևորությունը, ինչպես նաև՝ Եվրամիության հետ համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը, մասնավորապես՝ Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ։