
Հայաստանը հրաժարվում է Արցախից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում․ BBC
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի տեքստը սկսվում է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչմամբ։ Սա նշանակում է, որ Բաքուն անկախությունից ի վեր հասել է իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակին՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ բոլոր պահանջներից հրաժարվելուն. գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սա է գլխավոր փոխզիջումը․ ամբողջ հակամարտությունը հիմնված էր Ղարաբաղի պատկանելության հարցի վրա», – նշել է ղարաբաղյան հակամարտության պատմաբան Արիֆ Յունուսը, ով առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ աշխատել է Ադրբեջանի նախագահական վարչակազմում։
Ինչպես նկատել է գործակալությունն, այս փոխզիջումը նոր չէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ պատրաստ էր ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական։ Նրա դիրքորոշումը պայմանավորված էր 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակով և 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական գործողության արդյունքում հայերի՝ Արցախից հեռանալուց հետո ստեղծված իրավիճակով։
Այնուամենայնիվ, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մեկ այլ կողմ էլ կա. 2021 թվականի մայիսից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի մի քանի կարևոր բարձունքներ։ Բրիտանական Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լորենս Բրոերսն սա նկարագրել է որպես «հայկական տարածքի մի մասի միկրոօկուպացիա»։
Բացի այդ՝ Բաքվում կա «Արևմտյան Ադրբեջանի համայնք», որը հավակնում է հայկական տարածքին։ Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի վերացնել այս համայնքը և դուրս բերել իր զորքերը հայկական տարածքից։
Տարածքային ամբողջականության ճանաչման հետ մեկտեղ՝ համաձայնագրի հիմնական կետը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից առաջ և հանգեցրել է նրան, որ 1991 թվականին կրկին անկախացած Ադրբեջանն ու Հայաստանը երբեք պաշտոնական կապեր չեն ունեցել, դեսպանատներ կամ հյուպատոսություններ չեն եղել։ Carnegie-ի կենտրոնի Բեռլինի մասնաճյուղի գիտաշխատող Զաուր Շիրիևի խոսքով՝ այժմ երկու երկրները պարտավոր են դրանք հաստատել, և սա ամենակարևոր կետն է։ Նա կարծում է, որ ad hoc շփումներից պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների անցումը կամրապնդի վստահությունը նրանց միջև։
Բացի այդ՝ կողմերը խոստանում են զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից։
«Ուժի կիրառումից հրաժարվելը բխում է Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանը թույլ է, և նրա սահմանները սպառնալիքի տակ են», – նշել է Յունուսը։
Խաղաղության պայմանագրի կետերից մեկը, որը անսպասելի էր դիտորդների համար, երկու կողմերի պարտավորությունն էր «պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ բոլոր դրսևորումներով»։
Հարևանների հետ թշնամանքը վերջին 35 տարիների ընթացքում արդյունավետորեն ծառայել է որպես ազգային գաղափար երկու երկրներում էլ։
«Ատելության խոսքը և անհանդուրժողականությունը առկա են երկու երկրներում էլ», – նշել է Արիֆ Յունուսը։
Նրա խոսքով՝ ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը երկար գործընթաց է, որը պահանջում է հանձնաժողովների ստեղծում և անհատական դեպքերի երկարատև հետաքննություններ։ Նա կասկածում է, որ ոչ ոք դա լուրջ չի ընդունի. «Կարծում եմ, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ այս հոդվածն ընկալվում է որպես դատարկ հռետորաբանություն»։
Սակայն Հայաստանում վախենում են, որ համաձայնագրի այս կետը կարող է պատրվակ դառնալ Ադրբեջանի համար՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Բաքուն կարող է «անլուրջ կերպով մեկնաբանել տարբեր գործընթացներ»՝ որպես այս կետի խախտում, օրինակ՝ ղարաբաղցի հայերի իրավունքների վերաբերյալ ցանկացած քննարկում համարել խաղաղության պայմանագրի խախտում, քանի որ Հայաստանը պայմանագրում պարտավորվել է պայքարել անջատողականության դեմ։
Պայմանագիրը ենթադրում է փոխադարձ հրաժարում «միմյանց նկատմամբ առկա միջպետական պահանջներից ցանկացած իրավական ատյանում» և սահմաում է ապագայում նման պահանջների արգելք:
Հայաստանում շատերը ներկայիս միջազգային դատական հայցերից հրաժարումը, որոնցում Ադրբեջանը մեղադրվում է ռազմական հանցագործությունների և հուշարձանների ոչնչացման մեջ, համարում են շատ լուրջ զիջում:
Ըստ BBC-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու գլխավոր խոչընդոտն Ալիևի նախապայմանն է. Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը: Նրան դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում ասվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»:
Այս նախապայմանը նշանակում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի: Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է հանրաքվե, որը, հավանաբար, տեղի չի ունենա մինչև 2026 թվականի կեսերը, և դրա արդյունքը կանխատեսել հնարավոր չէ:
Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում:
«Այս փաստաթուղթն ունի՞ միջազգային երաշխավոր: Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ապա ի՞նչ: Այն կհասնի՞ ՄԱԿ: Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է սա», – հարցնում է Carnegie-ի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը:
Դե Վաալը հավելում է, որ Հայաստանը ձգտում էր ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այս կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում:
«Փաստաթղթում նաև չի հիշատակվում հայ հասարակության համար շատ ցավոտ մի հարց՝ Բաքվում բանտարկված տասնյակ հայերի՝ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը»,- նշել է Chatham House-ի աշխատակից Լոուրենս Բրոերսը։
Խաղաղության պայմանագրի տեքստը սկզբնապես կազմվել է անգլերենով՝ հայերեն և ադրբեջաներեն թարգմանություններով, և ռուսերեն պաշտոնական թարգմանություն չկա։ Սա կտրուկ հակադրվում է 2020 թվականի հրադադարի համաձայնագրին, որը կազմվել է ռուսերեն և ստորագրվել Ալիևի, Փաշինյանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից։
Հայ և ադրբեջանցի քաղաքագետները համաձայն են, որ այս փաստը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման ևս մեկ ապացույց է։