
Աշխարհի քրիստոնյաները պետք է պահանջեն, որ ՀՀ-ի սահմանները հարգվեն, իսկ ինքնիշխանությունը պահպանվի. The Christian Post
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետք է անհանգստացնի բոլոր քրիստոնյաներին: Հայաստանը ավելին է, քան աշխարհաքաղաքական խաղաքար, որը հայտնվել է Արևելքի և Արևմուտքի միջև. այն քրիստոնեական քաղաքակրթության առաջնագծի պաշտպանությունն է. գրել է The Christian Post-ը:
Ինչպես նշվել է, սպառնալիքները հիպոթետիկ չեն: Կան մարդիկ, մասնավորապես Անկարայում, ովքեր երազում են վերակենդանացնել Օսմանյան քարտեզը. Թուրքիայից մինչև Կովկաս ձգվող իսլամական կայսրություն: Այդ երազանքը կպահանջի ջնջել Հայաստանը, վերագծել նրա սահմանները, ճնշել նրա մշակույթն ու լռեցնել հավատքը:
«Աշխարհի քրիստոնյաները չպետք է լռեն: Մենք պետք է լինենք Հայաստանի համարձակ պաշտպաններ՝ պաշտպանության, աղոթքի և քաղաքական գործողությունների միջոցով: Մենք պետք է պահանջենք մեր առաջնորդներից և միջազգային հանրությունից, որ Հայաստանի սահմանները հարգվեն, նրա ինքնիշխանությունը պահպանվի, իսկ ժողովուրդը պաշտպանվի ոտնձգություններից և բռնությունից: Ավելի քիչ անելը նշանակում է դավաճանել մեր եղբայրներին և քույրերին Քրիստոսի մեջ, ովքեր գրեթե երկու հազարամյակ պահպանել են հավատքի կրակն ամենադժվարին հանգամանքներում»,- նշվել է հոդվածում:
Ընդգծվել է, որ ԱՄՆ ուժեղ ղեկավարությունը կարող է օգնել զսպել ագրեսիան տարածաշրջանում և պահպանել Հայաստանի փխրուն անվտանգությունը:
«Այսօրվա հարցն այն է, թե արդյոք քրիստոնյաները և քրիստոնեական ժառանգությամբ ձևավորված ազգերի ձայնը կբարձրանա՞ Հայաստանի պաշտպանության համար: Հայաստանի գոյատևումը հայերի համար միայն ազգային շահերի հարց չէ: Դա մեր սեփական հավատարմության փորձություն է: Հավատո՞ւմ ենք արդյոք, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգի ժառանգությունն արժանի է պաշտպանության»,- նշվել է հոդվածում։
Շեշտվել է, որ չնայած իրենց փոքր թվին և սահմանափակ ռեսուրսներին, հայերը շարունակում են ամուր կառչած մնալ իրենց հավատքին: Հայաստանը պահպանել է հավատքը գրեթե երկու հազար տարի: «Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք մենք կպահպանենք հավատը Հայաստանի հետ: Լռել դրա փորձությունների առջև նշանակում է ոչ միայն կորցնել ազգը, այլև մարել այն լույսը, որը շողացել է քրիստոնեության վաղ դարերից ի վեր։ Քրիստոնյաները պետք է խոսեն, աղոթեն և գործեն հրատապությամբ, որպեսզի առաջին քրիստոնյա ազգը չմոռացվի»,- եզրափակել է կայքը։