01 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանին անհրաժեշտ է թռիչքային և որակապես աննախադեպ տնտեսական աճ․ Դավիթ Անանյան

Հայաստանին անհրաժեշտ է թռիչքային և որակապես աննախադեպ տնտեսական աճ․ Դավիթ Անանյան

Ներկայում քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում են տնտեսական ծրագրերը։ Հաճախ հնչում են խոստումներ վերաբացել երբեմնի գործարանները, կառուցել նորերը, ստեղծել աշխատատեղեր. գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Այս ամենը, անկասկած, կարևոր է, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք դա բավարար է Հայաստանի զարգացման համար։ Ակնհայտ է, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ արմատապես նոր տնտեսական համակարգ.

Նախկինում գործող գործարանների վերագործարկումը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է մրցակցային առավելություններ ապահովելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է թռիչքային և որակապես աննախադեպ տնտեսական աճ։ Այդ նպատակով առաջին քայլը պետք է լինի մեր երկրի տնտեսական համակարգի խորքային ախտորոշումը և նոր համակարգի գաղափարական հիմքի ձևավորումը։ Իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել փոքր պետությունների տնտեսական գոյատևման մոդելները։

«Փոքր պետություն» հասկացությունը չի սահմանվում միայն բնակչությամբ կամ տարածքով․ այն ներառում է նաև տնտեսական, ռազմական, դիվանագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։ Գոյություն ունեն ինչպես օբյեկտիվ չափանիշներ (փոքր տարածք, փոքր բնակչություն, համեմատաբար ցածր ՀՆԱ), այնպես էլ սուբյեկտիվ չափանիշներ (քաղաքական էլիտայի ինքնընկալում, սեփական դերակատարության սահմանափակ լինելու գիտակցում)։

Տեսական մոտեցումները նույնպես բազմազան են․

  • փոքր պետությունները չեն կարող միայնակ ազդել միջազգային համակարգի վրա և ապավինում են դաշնակիցներին (Keohane, 1969),
  • անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց արտաքին աջակցության (Rothstein, 1968),
  • փոքր պետությունները գործում են ասիմետրիկ հարաբերությունների դաշտում (Wivel, Bailes & Archer, 2014),
  • որոշ դեպքերում հանդես են գալիս որպես տարածաշրջանային հավասարակշռող միջնորդներ (Efremova, 2019),
  • «փոքր պետության» ընկալումը պայմանական է և կախված է միջազգային ու ներքին ընկալումներից (Theys, 2022)։

Փոքր պետությունները հաճախ ունեն բարձր արտաքին խոցելիություն և կախվածություն ռազմավարական ապրանքատեսակներից կամ շուկաներից (միջազգային հանրությանը հայտնի «Resource curse» և «Dutch disease» երևույթները հայտնի են նաև Հայաստանի պարագայում)։ Միևնույն ժամանակ, փոքր երկրները կարող են գտնել հաջողության բանալին՝ կենտրոնանալով տնտեսական սեփական նիշային ոլորտների վրա, օրինակ՝ Լյուքսեմբուրգն ու Սինգապուրը՝ ֆինանսների, Էստոնիան՝ տեխնոլոգիաների, Քաթարը՝ էներգետիկ ռազմավարության ոլորտներում։

Հայաստանում «փոքր պետության» հայեցակարգը հատկապես արդիական դարձավ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո։ Հետազոտողներն ընդգծում են, որ արտաքին քաղաքական ռիսկերը փորձ է արվում մեղմել տնտեսական աճի միջոցով («compensation by development» մոդել)։ Սա կարևոր է, որովհետև այս հայեցակարգը ցույց է տալիս մեր երկրի տնտեսական և անվտանգային կախվածությունները մեծ դերակատարներից։

Հենց այս պատճառով է, որ տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է մանրամասն ուսումնասիրեն «փոքր պետության» հայեցակարգը, քանի որ այն բացատրում է մեր խոցելիությունները, բայց միաժամանակ մատնանշում է նաև հնարավոր հաղթանակի ուղիները՝ նիշային ոլորտների զարգացման միջոցով։

Ավելին, միջազգային հեղինակավոր մամուլը ևս բազմիցս անդրադարձել է այս թեմային։ Օրինակ՝ The Economist–ը տարբեր հրապարակումներով ցույց է տվել, թե ինչպես են փոքր պետությունները և՛ հաջողում, և՛ ձախողվում․

  • Big problems for little countries (2014) – փոքր տնտեսությունների անկայունությունը արտաքին ցնցումների պայմաններում,
  • What adroit small countries can teach the rest of the world (2024) – Իռլանդիայի, Բոտսվանայի, Սինգապուրի փորձը որպես հաջողության օրինակ,
  • The outsize influence of small states is fading in the EU (2023) – փոքր պետությունների ազդեցության նվազումը ԵՄ-ում,
  • When small is beautiful (2003) – փոքր պետությունների կարողությունը դառնալու աշխարհի ամենահարուստները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով։

 

Այսպիսով, Հայաստանի համար կենսական է հասկանալ, որ տնտեսական ռազմավարության հիմքում պետք է դնել ոչ թե միայն արտադրական հին ռեսուրսների վերագործարկումը, այլև փոքր պետության գոյատևման և հաջողության մոդելների մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Դա է ճանապարհը դեպի կառուցվածքային վերափոխում և ինստիտուցիոնալ ամրապնդում»,– գրել է Անանյանը։

 

Ռազմագերիներ