
Ալիևն ու Փաշինյանը նույն ուղղությամբ են նայում․ Էրդողան
Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը վերջապես կգտնի երկար սպասված խաղաղությունը։ Ես դա տեսա իմ ընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի համաձայնագիրն արագացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: «Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ես իմաստալից հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ ես տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն։ Նրանք նույն ուղղությամբ են նայում»,-ասել է նա։
Էրդողանը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր կամ տարաձայնություն չկա։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման տարածքում խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում կվերականգնվեն ճանապարհներն ու երկաթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը, և շատ ոլորտներ, մասնավորապես՝ առևտուրը, կշահեն։ «Ռուսաստանն ու Իրանը նույնպես ժամանակի ընթացքում կհասկանան, որ իրենց վախերը անհիմն են», – ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։