02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախաստորագրված փաստաթղթում մի կետ կա, որը շատ վտանգավոր է. Մովսես Հակոբյան

Նախաստորագրված փաստաթղթում մի կետ կա, որը շատ վտանգավոր է. Մովսես Հակոբյան

Նախաստորագրված փաստաթուղթը, որը կա, այնտեղ մի կետ կա՝ փոխադարձության սկզբունք։ Այդ փոխադարձության սկզբունքը շատ վտանգավոր սկզբունք է։ Դա ներկայացնում են որպես դրական, բայց այդ փոխադարձությունը վերաբերելու է ուրիշ բանի, երբ արդեն փաստաթղթերը կյանքի կկոչվեն, կհասկանանք, թե այդ փոխադարձությունն ինչին է վերաբերում. ՀՅԴ հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքը ենթադրում է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները կարող են հատել Հայաստանի տարածքը, նույն կերպ էլ հայերը՝ Ադրբեջանի տարածքը։ Բայց մեր բնակչության բաշխվածությունն ու տնտեսության վիճակը հաշվի առնելով՝ սա մեկի հարաբերակցությամբ 20 հազար է, ինչը կարող է երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափելու վտանգ ստեղծել: Խոսելով բանակի վիճակի մասին՝ Հակոբյանը նշել է, որ հայկական բանակը 2020-ի պատերազմում ուներ դիմակայելու ներուժ:

«Մեր բանակը առկա ուժերով ի վիճակի էր դիմակայել։ Պարտության հիմնական պատճառը թերի կառավարման կազմակերպումն էր, ոչ թե զենքի պակասը»,- ասել է Հակոբյանը։

Նա նաև հավելել է, որ խաղաղություն հաստատելու իրական ուղին միայն ուժեղ բանակ ունենալն է․ «Խաղաղության ձգտել միշտ պետք է, բայց դրան հասնելու միակ ճանապարհը պատրաստ լինելն է։ Որևէ թուղթ կամ պայմանավորվածություն չի կարող ապահովել խաղաղությունը, եթե հասարակությունը և բանակը պատրաստ չեն դիմակայելու վտանգներին»։

Հակոբյանի խոսքով՝ ցանկացած գաղափար, որն առաջանում է հասարակության մեջ և նպատակասլաց աշխատանք է տարվում, կարող է կյանքի կոչվել։

«Սա վերաբերում է նաև Արցախի վերադարձի խնդրին: Եթե մարդու գլխում ձևավորվում է միտք և նա կարողանում է հիմնավորել ու դրա ուղղությամբ գործել, ապա ցանկացած խնդիր կարելի է իրականացնել։ Մեր խնդիրն է հասարակության մեջ սերմանել այն համոզմունքը, որ Արցախի վերադարձը հնարավոր է և իրագործելի»,-ասել է Հակոբյանը:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները ինքնիշխանության խնդիր են առաջացնում, և ընդգծել՝ հասարակության կամքը պետք է որոշիչ լինի։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորությանը՝ Հակոբյանը ընդգծել է, որ ժողովրդին որևէ բան պարտադրել չի կարելի:

Մեր ժողովուրդը անցել է այնպիսի փուլերով, որ բացի ընտրությունից ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Կարելի է պայքարել տարբեր եղանակներով, բայց պարտադրանքը հայ ժողովուրդը չի ընդունում»,-ասել է Հակոբյանը:

Ռազմագերիներ