
Առաջին թիրախները․ խաղաղությունը հիմնականում գնահատվում է սահմանամերձ գյուղերում․ Deutsche Welle-ի ռեպորտաժը Կիրանցից
Ադրբեջանի հետ նոր սահմանը, որն անցնում է ուղիղ հայկական գյուղով, իրական պատի է վերածվել տեղի բնակիչների համար՝ փոխելով նրանց կենսակերպը և ստիպելով հարմարվել փխրուն խաղաղությանը․ նշվել է Deutsche Welle-ի՝ Կիրանցում նկարահանած ռեպորտաժում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը սկսվել էր ռազմական գործողությունների ավարտից հետո, նոր թափ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի աջակցությամբ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնություններից հետո։ Այս համաձայնագրերը, բացի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ դրանով իսկ էական ճշգրտումներ կատարելով սահմանային աշխատանքների նախկինում համաձայնեցված ծրագրերում։
DW-ի թղթակիցն այցելել է սահմանազատված հատվածներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են այս համաձայնագրերը և գործընթացն ինքնին ազդել տեղի բնակիչների կյանքի վրա։
Ինչպես նշվել է, շատերը Տավուշի մարզի Կիրանց հայկական գյուղի մասին իմացել են 2024 թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու խոշոր պատերազմներից հետո՝ 1990-ականների սկզբին և 2020 թվականին, Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթացն՝ օգտագործելով խորհրդային քարտեզներ։ Հենց այստեղ՝ Կիրանցում, սահմանազատման արդյունքում՝ գյուղի մի մասը հայտնվեց սահմանի մյուս կողմում։ Գյուղում կյանքը, որը բաժանված էր երկու մասի, դարձավ հետպատերազմյան փոփոխությունների խորհրդանիշ։
Այս գործընթացը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել, որը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի: Բողոքի ցույցերի հիմնական շարժիչ ուժը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էր, որը գլխավորում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա հետագայում ձերբակալվել է իր մի խումբ համախոհների հետ՝ «ահաբեկչական գործողություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի» մեղադրանքով: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել «տարածքների միակողմանի փոխանցումն Ադրբեջանին» և, ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան տարածքային զիջումների մեջ: Շարժումը երթ կազմակերպեց սահմանամերձ Տավուշ քաղաքից դեպի մայրաքաղաք Երևան, որտեղ բազմաթիվ հանրահավաքներ անցկացվեցին: Սակայն նոր սահմանի պաշտոնականացման գործընթացը չդադարեցվեց:
Կիրանց գյուղում, որը մասամբ բաժանվել է 2024 թվականի սահմանազատման արդյունքում, մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին: Ադրբեջանական կողմում հայտնված որոշ տների սեփականատերերը պետությունից փոխհատուցում են ստացել: Հոգեբանական պաշտպանության համար Հայաստանը և Վրաստանը կապող միջպետական ճանապարհի երկայնքով պատ է կառուցվել: Այս պատը գտնվում է տեղի դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որը նախագծվել է 2019 թվականին և շահագործման է հանձնվել պատերազմից հետո:
Տեղի բնակիչների, այդ թվում՝ Կիրանց գյուղի դպրոցի տնօրեն Վլադիմիր Բաբինյանի համար նոր իրականությանը հարմարվելու գործընթացը հեշտ չէր։ DW-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ խաղաղությունը հիմնականում գնահատվում է սահմանամերձ գյուղերում, քանի որ հակամարտության սրման ժամանակ նրանք են առաջին թիրախը։
DW-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը հումորով է մոտեցել նոր սահմանի թեմային: Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե պատի մոտ խաղացող երեխաները պատահաբար գնդակը նետեն ադրբեջանական կողմ, նա պատասխանել է. «Այդ դեպքում մենք կասենք, որ գնդակը ձեր (ադրբեջանական) կողմում է»:
Ռեպորտաժում նշվել է, որ արոտավայրերի և վարելահողերի սահմանափակ հասանելիությունը հանգեցրել է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման. գյուղում անասունների թիվը գրեթե կիսով չափ նվազել է: Տնտեսական խնդիրներից բացի՝ տեղի բնակիչները նշում են ուժեղ հոգեբանական ճնշում՝ Ադրբեջանի դրոշի հայտնվելու պատճառով, որի հետ Հայաստանը երկու անգամ պատերազմել է: Բնակիչներից մեկը, արտահայտելով իր հիասթափությունը, DW-ի զրույցում նշել է, որ «սա հայրենիքի կորուստ է, և ոչ թե պարզապես սեփականության, ինչպես իշխանությունները փորձում են ներկայացնել»:
Հայ-ադրբեջանական նոր սահմանի հստակեցման միջկառավարական հանձնաժողովի մակարդակով սկսված գործընթացից մեկ տարուց ավելի անց սահմանային գծի միայն չնչին մասն է սահմանազատվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը սահմանի 11,7 կմ-ի մասին է, որի ընդհանուր երկարությունը մոտ 1000 կմ է:
Չնայած թվացյալ կայունությանը և պաշտոնյաների հավաստիացումներին՝ իրավիճակը հոգեբանորեն դժվար է մնում տեղի բնակիչների համար։ «Այո՛, հիմա ամեն ինչ հանգիստ է, բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ապագայում այն անվտանգ կլինի»,- նշել է գյուղացիներից մեկը։
Ինչպես նշել է գործակալությունը, դեռևս 2025 թվականի հունվարին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են սկսել սահմանազատման գործընթացն ամենահյուսիսային հատվածից՝ այն կետից, որտեղ հատվում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները։ Կիրանց գյուղը գտնվում է այս տարածքում։ Գործընթացը երկար ժամանակ կանգ էր առել։
Մինչդեռ, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերից հետո, ամենայն հավանականությամբ, ուշադրությունը կտեղափոխվի դեպի հարավ։ Սա պայմանավորված է երկաթուղային ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որը պետք է կապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավին՝ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Այս երթուղին, ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի, կոչվելու է «Թրամփի երթուղի»։