
ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի եղբայրը ձերբակալվել է. ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանի նորանշանակ դեսպանի՝ Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Վերջինիս ձերբակալման մասին հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ՝ նշելով, որ նրան կասկածում են թմրանյութերի և ապօրինի զենք պահելու համար։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ABC media-ի հետ զրույցում հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան։
«Տրանսպորտային միջոցի կանգնեցման պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և փորձել հեռանալ՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վարորդի՝ Մկրտիչ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել, սակայն վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Փախուստի դիմած ուղևորին հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են։
ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դեպքի մասին տեղեկացել է միայն մամուլից։
«Հայաստանում կլինի իմ եղբայրը, թե որևէ մեկի հարազատը, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Կանցնի նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն և կկրեն պատասխանատվություն օրենքի ողջ խստությամբ։ Իմ պաշտոնն ու կարգավիճակը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քննության ընթացքի վրա»,- ասել է դեսպանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ հետևյալ հոդվածներով․
- 335-րդ հոդված, 1-ին մաս -ապօրինի հրազենի և ռազմամթերքի շրջանառություն,
- 393-րդ և 396-րդ հոդվածներ, 1-ին մաս – թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ առանց իրացման նպատակի։
Նախաքննությունը շարունակվում է, և իրավապահները խոստանում են հանրությանը պարբերաբար տեղեկացնել նոր մանրամասների մասին։