
Չինաստանը ցուցադրում է ռազմական հզորությունը և ուղերձ հղում ԱՄՆ-ին. քաղաքագետ
Չինաստանում անցկացված հաղթանակի զորահանդեսը առաջին հերթին ծառայում է ուժի ցուցադրման նպատակին, իսկ երկրորդ հերթին՝ ուղերձ է մրցակիցներին․ ABC media–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Չինաստանում անցկացված Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված զինամթերքին։
«Չինաստանի տնտեսությունը այսօր աշխարհի առաջատարներից է, և երկիրը միևնույն ժամանակ ձգտում է բարձր դիրքեր գրավել նաև ռազմական ոլորտում։ Միևնույն ժամանակ, միջուկային զենքի առումով Չինաստանը երրորդ տեղում է, զիջում է ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ Ռուսաստանին։ Տնտեսական մրցակցությունը ԱՄՆ–ի հետ շատ լուրջ է, քանի որ Միացյալ Նահանգները արդեն կորցնում է իր դոմինանտ դերը։ Եթե այս գործընթացը շարունակվի, Չինաստանը կարող է դառնալ աշխարհի գերիշխող պետություններից մեկը՝ և՛ տնտեսապես, և՛ ռազմավարական առումով»,- ասել է Դանիելյանը։
Քաղաքագետն ընդգծում է նաև Թայվանի հարցը.«Չինաստանը հայտարարել է, որ կարող է սահմանել վերահսկողություն Թայվանի վրա, ինչը հակասում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը։ Վաշինգտոնը զենք է մատակարարում Թայվանին և փորձում է դաշինքներ ստեղծել Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Ավստրալիայի հետ»։
Քաղաքագետի խոսքով՝ այս զորահանդեսը, բացի ռազմական հզորության ցուցադրությունից, նաև ցույց է տալիս, որ Չինաստանը մենակ չէ. նրա հետ համատեղ գործում են, օրինակ՝ Հնդկաստանը և Ռուսաստանը, ինչը ուղերձ է առաջին հերթին Միացյալ Նահանգներին։