05 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Այո՛, ես դա կանեմ»․ Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա զրույցի մասին

«Այո՛, ես դա կանեմ»․ Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մոտ ապագայում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այո՛, ես դա կանեմ։ Մենք շատ լավ երկխոսություն ենք ունեցել», – նշել է Թրամփը՝ սեպտեմբերի 5-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Կրեմլում դեռևս աշխատանքներ չեն տարվում «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույց կազմակերպելու համար», բայց այն կարող է «արագ կազմակերպվել»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ Ուկրաինայի առաջնորդի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ, որտեղ նրանք քննարկել են Կիևի անվտանգության երաշխիքները։ Ըստ Reuters-ի՝ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին դադարեցնել ռուսական նավթի գնումները և տնտեսական ճնշում գործադրել Չինաստանի վրա, քանի որ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում։

Զելենսկիի խոսքով՝ «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ընդհանուր շրջանակի վերաբերյալ։ Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈւ) կարևոր դեր կխաղան անվտանգության հարցում։ Բացի այդ՝ սեպտեմբերի 4-ին Փարիզում կայացած հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ «Մոսկվան մերժում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած խաղաղարար նախաձեռնություն»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ 26 երկիր մտադիր է մասնակցել խաղաղապահ առաքելությանն Ուկրաինայում հրադադարից հետո։ Այս երկրները «պաշտոնապես համաձայնել են կա՛մ ուղարկել իրենց զորակազմը Ուկրաինա, կա՛մ տրամադրել որոշակի միջոցներ՝ այս կոալիցիային աջակցելու համար՝ ծովում կամ երկնքում անվտանգությունն ապահովելու համար», – բացատրել է Մակրոնը։

Ռազմագերիներ