06 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խուզարկությո՞ւն, թե՞ ներխուժում․ ի՞նչ է կատարվել Տաթևի վարչական ղեկավարի տանը

Խուզարկությո՞ւն, թե՞ ներխուժում․ ի՞նչ է կատարվել Տաթևի վարչական ղեկավարի տանը

«Արթնացա տղամարդկանց բարձր ձայներից։ Մինչ բացեցի աչքերս, գլխավերևումս տեսա չորս տղամարդ։ Քույրերս ու եղբորս վախից լաց էին լինում։ Նրանք սենյակներն տակնուվրա էին անում, բացում դարակներ, նայում անկողնու տակ»,- ABC media-ի հետ օրեր առաջ իրենց տանը կատարվածի մասին է պատմել Տաթևի՝ կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը՝ Միլենա Մինասյանը։

«Ես դուրս եկա հյուրասենյակ, որտեղ ևս երեք տղամարդ քաշքշում էին պապիկիս, ով այս պահին ծանր հիվանդ է։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս «փտելու է բանտում»։ Հայրս արդեն 79 օր, ինչ  անազատության մեջ է։ Նրա կալանավորումից հետո մենք մնացել ենք միայնակ։ Մեր կյանքը վերածվել է քաոսի․ ինձ, քույրերիս ու եղբորս մշտապես ինչ-որ սև մեքենա է հետևում, որը ես տարբեր օրերի ֆիքսել եմ»,- պատմել է Միլենան։

Նրա խոսքով՝ խուզարկությունը չի սահմանափակվել միայն տան ներսում։ Նրանցից հետո ներխուժողները մտել են նաև պապիկին պատկանող հավաբուն, ապա դուռը թողնել բաց, որից հետո բոլոր հավերը դուրս են եկել ու կորել։

«Հաջորդիվ գնացել են մեր մյուս տուն, որտեղ հորս հետ ենք ապրում։ Այս պահին հայրս մեր միակ խնամակալն է, իսկ եղբայրս զինծառայող է։ Մենք ապրում ենք պապիկիս տանը։ Մեր տուն գնալու պահին այնտեղ մարդ չկար, դարպասն էլ կողպված էր։ Նրանք, թե ինչպես են ներս մտել՝ ես չգիտեմ։ Հարևաններն են նկատել ու զանգել, որ անհայտ անձինք մեր տանն են։ Նրանք բարձրացել են պատշգամբ, լույս գցել պատուհաններին՝ նայելու՝ մարդ կա՞, թե՞ ոչ։ Այնուհետև մտել են տան մոտ գտնվող գոմ, հետո հորեղբորս կնոջ տատիկի տուն, իսկ վերջում շարժվել են հորս` սարերում գտնվող ֆերման, որտեղ հազարից ավելի ոչխար կար։ Վերևից դրոն են բարձրացրել, ու ոչխարները այդ ձայներից փախել են։ Հիմա մոտ 310 ոչխար անհետացել է, չենք գտնում»,- նշել է աղջիկը։

Միլենա Մինասյանը նշում է , որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել, իսկ իրենց տուն ներխուժած տղամարդիկ խուզարկության համար որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, միայն ասել են, որ 6-րդ վարչությունից են։ 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ABC media-ի հետ զրույցում նշել է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 3-ին մի քանի հասցեներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առանձնապես ծանր հանցանքի՝ սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով։

«Տուն այցելության ժամանակ ոստիկանները պատշաճ ներկայացել են, հայտնել այցելության նպատակը, ստացել տան անդամի թույլտվությունը և նրա ուղեկցությամբ շրջել են տանն ու հեռացել»,- ընդգծել է Սարգսյանը։

Միլենան նաև պատմել է, որ ինքը առողջական խնդիրներ ունի, արդեն երկու անգամ վիրահատվել է, իսկ սեպտեմբերի 4-ին նախատեսված էր ևս մեկը։ «Այդ դեպքերից հետո ցավերս ուժեղացել են։ Բժիշկն ասում է՝ անհապաղ պետք է վիրահատվեմ՝ արդեն երրորդ անգամ։ Հորս ներկայությունը պարտադիր է։ Լինում են օրեր, երբ ոտքերս չափից դուրս թուլանում են, քայլելը  դառնում է դժվար ինձ համար։ Բայց ես հրաժարվել եմ վիրահատությունից այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս»,- ասել է Միլենան։

Նա հավելել է, որ դատական բոլոր լսումներին ներկա է եղել։ Սակայն վերջին նիստում, որը կայացել է սեպտեմբերի 2-ին, դատարանը հաշվի չի առել ո՛չ իր, ո՛չ էլ պապիկի առողջական վիճակը։

Գոռ Մինասյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանի խոսքով՝ դատարանը պահանջել է որոշակի փաստաթղթեր՝ մասնավորապես կապված վիրահատության հստակ ամսաթվի հետ։

«Այս պահին այդ փաստաթուղթը դեռևս չկա։ Մենք դիմել ենք դատարան՝ միջնորդության քննությունը հետաձգելու համար, որպեսզի կարողանանք ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Գոռ Մինասյանը շարունակում է մնալ կալանքի տակ, և հստակ որոշում դեռ չկա»,-ABC media-ին հայտնել է փաստաբանը:

Ավելի վաղ Մինասյանի պաշտպաններ Սլավիկ Պողոսյանն ու Արտակ Նավասարդյանը հայտնել էին, որ 2023թ․ հոկտեմբերից Գոռ Մինասյանի և նրա ընտանիքի հասցեին տարածվել են կեղծ տեղեկություններ և զրպարտություններ՝ «Telegram»-ով, «WhatsApp»-ով ու թռուցիկներով։ Վերափոխված ձայնագրություններում ու հաղորդագրություններում ներկայացվել են ստահոդ տեղեկություններ նրա անձնական կյանքի մասին, տեղադրվել են գաղտնալսող սարքեր, իսկ հարազատներն ու շրջապատը ենթարկվել են սպառնալիքների։ Չնայած քրեական վարույթների նախաձեռնմանը՝ մեղավորները երկար ժամանակ չեն բացահայտվել։

Միայն 2025թ․ հունիսին տուժածները ապացույցներ են ներկայացրել, որ կազմակերպիչները Մարո և Կարո Մարտիրոսյաններն են։ Նրանց բացահայտման փորձից հետո տեղի է ունեցել բախում և վիճաբանություն։ Հենց հաջորդ օրը ձերբակալվել է Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը։ Նրա դեմ առաջադրվել են մեղադրանքներ խուլիգանության և գույքի վնասման հոդվածներով։

Ռազմագերիներ